Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հավերժացավ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի բնակիչ 18-ամյա Իլյա Հակոբյանը:

Իլյան դպրոցում լավ էր սովորում։ 2017-2018 թթ. նա սովորել է Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մեկ ամսվա մեջ ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ ճանաչվել է «Լավագույն զինվոր-մարզիկ». «Իլյան մանկուց սպորտը շատ էր սիրում, հատկապես վոլեյբոլը: Առանձնահատուկ վերաբերմունք ուներ տնային ծաղիկների նկատմամբ, անգամ բակի վարդերն էր խնամում։ Հաճախ էր սիրելի դասվարին և դասղեկին վարդեր նվիրում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Հասմիկ Հակոբյանը։

Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի ու նպատակասլաց. ճանաչողներն այսպես են բնութագրում Իլյային. «Անշահախնդիր ու բոլորին օգնող տղա էր Իլյան։ Նա ճիշտ հասկանում էր ապրելու և սիրելու իմաստը։ Եղբայրս սկզբունքային տղա էր և հավատարիմ էր իր խոստումներին ու որոշումներին։ Մեծ սիրտ ուներ, իր մեծ սերը չէր խնայում ընկերների և մտերիմների համար»,- ասաց Հասմիկը։

Ընտանիքում Իլյան սիրված էր ոչ միայն տան փոքրը լինելու համար, այլև՝ բոլորի մեջ միայն լավը տեսնելու և բոլորին սիրելու յուրահատուկ բնավորությամբ։ Իլյան տարբերվում էր  հասակակիցներից կյանքի վերաբերյալ իր խորը պատկերացումներով. «Եղբայրս շատ գաղտնապահ էր, նրա հետ կարող էիր հանգիստ կիսվել և վստահել ամեն տեսակի գաղտնիք: Շատ զուսպ էր, ինչ-որ տեղ նաև ամաչկոտ, ինչի պատճառով այդպես էլ չիմացանք նրա սրտի ամենամեծ ու թաքուն սիրո մասին։ Չնայած փոքր տարիքին՝ Իլյայի հետ կարող ես միշտ պաշտպանված և ապահով զգալ ցանկացած հարցում»,- հուզված նշեց հերոսի քույրը։

2020 թ. օգոստոսի 11-ին Իլյան զորակոչվեց բանակ: Նա, ընդամենը, 1,5 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Այդ օրերին Իլյան կորցրեց իր ծառայակից ընկերներից շատերին. «Պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավոր ու զոհված ընկերներին ինքն ու իր ընկերներն են դուրս բերել մարտադաշտից։ Նա եղել է պատերազմի ամենաթեժ կետերում։ Իլյան մարտի դաշտում կռվեց ուղիղ 44 օր, իսկ 45-ին օրը՝ հավերժացավ»,- ասաց Հասմիկը։

Իլյան վերջին մարտերը տարել է Շուշիում։ Նոյեմբերի 7-ից հարազատները այլևս չեն կարողանում կապվել նրա հետ: Իլյան ստացել էր գլխուղեղի մահացու վնասվածք, ինչպես նշեց նրա քույրը, կրծքավանդակի շրջանում կային նաև դանակի հետքեր, որից էլ կարելի էր ենթադրել՝ ձեռնամարտ է ունեցել թշնամու հետ: «Ընկերների խոսքով՝ Իլյան վիրավորվել էր: Մենք մի շաբաթ բոլոր հիվանդանոցներում փնտրել ենք նրան, այնինչ Իլյան վիրավոր վիճակում կռվել է իր 30 մարտական և ծառայակից ընկերների հետ, կռվել է մինչև վերջ և անմահացել՝ նռնակը գրպանում բացած»,- ընդգծեց հերոսի քույրը։

Ինչպես բոլոր 18 տարեկանները, Իլյան ևս ուներ երազանքներ և նպատակներ: Նա երազում էր ծառայությունն ավարտելուց հետո վերանորոգել տունը, իսկ համալսարանն ավարտելուց հետո՝ գյուղի դպրոցում վոլեյբոլի դպրոց հիմնել և մարզել երեխաներին։ Ավա՜ղ, Իլյայի երազանքները մնացին անկատար:

 
«Իլյան կարող էր փրկել իր կյանքը՝ որոշների պես որևէ տեղ պատսպարվելով, բայց նախընտրեց գիտակցաբար մահը հանուն հայրենիքի»,- սրտի խորը ցավով եզրափակեց Հասմիկը: