Մեր երկրի առաջ կանգնած է անվտանգության հարցը։ Բոլորիս համար գաղտնիք չէ, որ մեր զինված ուժերը կարիք ունեն նորագույն զինատեսակներով համալրման։ Բանակը պետք է զինել հինգերորդ սերնդի զինատեսակներով։ Այս մասին «Ալյանս» կուսակցության համագումարին ասաց Աշոտ Գալստյանը։

Նրա խոսքով՝ քայլերն արդեն արվում են, բացվում են ուսուցողական կենտրոններ՝ դրոնների ղեկավարման առումով, բայց պետք է նայել առաջ, ստեղծել վեցերորդ, յոթերորդ սերնդի զինատեսակներ, որ այլևս չուշանանք, չլինեն մեծաթիվ զոհեր։

Գալստյանն անդրադարձավ նաև տնտեսության զարգացմանը։ Գալստյանը նշեց, որ մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ մենք դրան կարող են հասնել մեր ռազմավարական գործընկեր ՌԴ հետ փոխշահավետ համագործակցության պայմաններով՝ չշրջանցելով նաև այլ երկրների, որոնք հանդիսանում են ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ։

Նրա խոսքով՝ մեզ համար միանգամից շատ խնդիրներ կլուծվեն, օրինակ՝ էներգակիրների ավելի մատչելի գներով ստանալը, միայն նման հանգամանքը բավականին մեծ ազդեցություն կթողնի մեր տնտեսության վրա՝ չհաշված երկրի անվտանգությունը։

Բացի դա՝ Գալստյանն ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությունը պետք է այնպես փոխել, որ կարողանանք օգտագործել Սփյուռքի ներուժը, ինչը, սակայն չի նշանակում, որ Հայաստանի ներուժը չի օգտագործվի, պարզապես պետք է վարել ճիշտ կադրային քաղաքականություն։