ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ «Youtube» կայք-էջում հրապարակվել էր տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: