Այսօր առավոտյան ԱԺ շենքի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների և ԱԺ Իմ Քայլը խմբակցության մի շարք պատգամավորների միջև միջադեպեր գրանցվեցին, որոնք ամենա խոսուն կերպով նկարագրում են ԱԺ 7-րդ գումարման պատգամավորների «նոր որակները»:  Վաղ առավոտյան ցուցարները մուտքի մոտ ձվերով դիմավորեցին Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ում համար հիշեցնենք Հայաստանում այլևս բանակ չկա՝ կան միայն զինված խմբեր, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելը առաջնահերթ լուծում պահանջող հարցեր են: Տրամաբանական է, որ վրդովված քաղաքացիները պետք է Քոչարյանի հասցեին հնչեցնեին «դավաճան» պիտակը, սակայն Քոչարյանը ինչպես երևում է իրեն բնավ էլ դավաճան չի համարում և հայհոյանքներով պատասխանեց ցուցարներին, դավաճան պիտակավորելով նրանցից մեկի ծնողին, բառացի ասելով՝ «դավաճանը մերդ ա, լակոտ»: 

Հաջորդ դրվագի «հերոսը» իմքայլական Հայկ Սարգսյանն է: Քաղաքացիները Սարգսյանին ԱԺ մուտքի մոտ դիմավորեցին  վանկարկումներով և այդ փաստը պատգամավորը անչափ ծանր տանելով սպառնաց «շիշը մտցնել քաղաքացու համապատասխան տեղը»: Արդեն ԱԺ ամբիոնից էլ 2.5 տարի առաջ ճանապարհ փակելով իշխանության եկած Սարգսյանը՝ իրավապահներին հաթաթա տալով պահանջում էր Երևանի փողոցներում վերահաստատել կարգ ու կանոնը, հակառակ դեպքում իրենց ՝ պատգամավորներին պաշտպանության են գալու աջակիցները: Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքացիական բախումների հրահրման հերթական փորձ, այն էլ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: 

Մի խումբ քաղաքացիներ էլ առավոտյան փակել էին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մուտքն ԱԺ: Պատգամավորը դուրս գալով ավտոմեքենայից հարձակվեց ցուցարարների վրա, սկսվեցին փոխադարձ հայհոյանքներն ու ծեծկռտուքը: Ընդ որում ակնհայտ է, որ ծեծկռտուքի նախաձեռնողը հենց իմքայլական պատգամավորն էր, որքան էլ որ պրո-իշխանական մեդիան և տելեգրամ ալիքները փորձեն տարածել դրվագի մոնտաժված տարբերակը, որտեղ երևում է միայն ցուցարարների կողմից պատգամավորին «ձվահարելը»: 

Եթե վերը նշված դրվագները տեղի ունենային նախկին իշխանությունների օրոք` կարելի է պատկերացնել, թե ինչ արձագանք այդ ամենը կստանար այն ժամանակվա ընդդիմության կողմից՝ Նիկոլ Փաշինյանը վստահաբար արդեն պահանջել էր էթիկայի հանձնաժողով ձևավորել և նման պահվածք դրսևորած իշխանական պատգամավորին մանդատից զրկել: Բոլորի հիշողության մեջ էլ թարմ է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի ՝ Շմայսի «փառքը», ինչպես նաև նրա և Նիկոլ Փաշինյանի հայտնի փոխրաձգությունը, որտեղ կողմերը միմյանց պիտակավորեցին «դիշովկա»: Դրանից հետո Փաշինյանը պահանջում էր էթիկայի հանձնաժողովի ձևավորում և ընդ որում՝ հասավ իր նպատակին: Այսօր նման պահանջ իհարկե չկա՝ իշխանությունները «պահում են» յուրայիններին, լռում են նաև գրանտային ասեղների վրա նստած իրավապաշտպան ՀԿ-ը և ստացվում է, որ Նոր Հայաստանում, «նոր որակի» ԱԺ-ի պատգամավորները կարող են հայհոյել և ծեծի ենթարկել այն քաղաքացիներին, որոնց հարկերի շնորհիվ միլիոնների հասնող աշխատավարձ և պարգևավճարներ են ստանում և որոնց՝ մեկ գրչի շարժումով հայրենազրկել են: Ինչպես երևում է Իմքայլական պատգամավորներին հայտնի Շմայսի փառքը այդպես էլ հանգիստ չի տալիս և նրանք որոշել են նաև այս հարցում նախկիններից հետ չմնալ, իսկ հնարավորության դեպքում՝ նաև առաջ անցնել...