Քաղցկեղի դեմ մեկուկես տարվա պայքարից հետո 50 տարեկանում մահացել է բրիտանացի հայտնի հաղորդավարուհի Միշել Մալեյնը։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ նա օնկոլոգիական հիվանդության հետեւանքով կյանքից հեռացել է դեկտեմբերի 25-ին։

Մալեյնը չորրորդ աստիճանի աղիների քաղցկեղով հիվանդ լինելու մասին իմացել է 2019թ.-ին։ Նախորդ տարի «BBC»-ի եւ «XFM» ռադիոկայանի հաղորդավարուհին որոշել է բուժում անցնել, այդ թվում համաձայնել է քիմիոթերապիայի։ Բժիշկներն ի սկզբանե կանխատեսում էին, որ նա կես տարվանից ավելի չի ապրի։

Բուժման շնորհիվ հաղորդավարուհուն հաջողվել է սպասվածից ավելի երկար ապրել։ Ամեն դեպքում, վերջին երկու ամսվա ընթացքում նա չի կարողացել դուրս գալ տնից, մոտ վեց շաբաթ գանգատվել է մեջքի ուժեղ ցավից։ Տհաճ ախտանշաններից հաջողվել է ազատվել միայն նախորդ շաբաթ՝ մահվանից կարճ ժամանակ առաջ։

Հաղորդավարուհու մտերիմ ընկերը՝ Ջեյսոն Մենֆորդը, ցավակցություն է հայտնել Մալեյնի մահվան առնչությամբ։ Նրա խոսքով՝ հաղորդավարուհին հիանալի զրուցակից էր ոչ միայն եթերում։ Հումորիստը պատմել է քաղցկեղով հիվանդների համար բարեգործական երեկույթ անցկացնելու չիրականացած համատեղ ծրագրերի մասին եւ հավաստիացրել, որ միջոցառումը կկազմակերպի ի հիշատակ հաղորդավարուհու։