Հունվարի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռքբերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում նախարար Այվազյանը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը:

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց քաղաքական երկխոսությանը նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով:

2STOPPED
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցությանը: