Շաբաթներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են ապօրինի մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին։
«Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը։ Այս մասին եղել են ահազանգեր և՛ քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ խնդրից տեղյակ է Կենտրոն վ/շ ղեկավարը, սակայն շենքի ապականումը շարունակվում է։
Ավելին, այս ապօրինությունը կատարվում է Կենտրոնի թաղապետի պատուհանից հարյուր մետր այն կողմ, սակայն ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով բազմաթիվ բողոքներ մնացել են անարձագանք։
Դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի քննության առարկա դառնա, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ նման ապօրինություն տեղի ունենում մայրաքաղաքի սրտում, իսկ շինարարության ընթացքը ահազանգերից հետո շարունակվում է։
Շենքի տանիքը անհապաղ պետք է բերվի իր նախնական տեսքին»,- գրել է նա։