Ես կարող եմ միայն մի բան ասել՝ բանակը մեր սրտերում է, մեր հոգիներում է, մեր էության մեջ է. բանակը մեր առաքելությունն է, մեր խոնարհումն է, մեր հերոսությունն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Մենք բանակի կողքին ենք: Կարելի է ասել նույնիսկ զինվորագրված ենք այդ առաքելությանը: Մենք սիրով եւ խոնարհումով այսօր եւ այլ նշանակալից օրերին մեր քայլերն ուղղում ենք այստեղ՝ ցույց տալու մեր միասնությունն ու ամբողջությունը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մի կողմից խոսում ենք միասնությունից, մյուս կողմից տեսնում ենք, որ առաջին անգամ հոգեւոր իշխանությունը քաղաքական իշխանությունից առանձին է ժամանել «Եռաբլուր», Կճոյանն ասաց. «Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանելու այս օրով: Որեւէ նման հարցի ես չեմ ուզում պատասխանել, որովհետեւ ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ եւ սուրբ խորհուրդ ունի, եւ ես դրանից ցած չեմ իջնելու»: