Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 2021 թվականին կհեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից' ստանձնելով տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնը: Այս մասին երեքշաբթի հայտնել է ընկերության մամուլի ծառայությունն իր կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը 2021-ի երրորդ եռամսյակը կստանձնի [տնօրենների խորհրդի] գործադիր նախագահի պաշտոնը, նրան կփոխարինի Էնդի Ջեսին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բեզոսի խոսքով' ընկերության լավ ֆինանսական ցուցանիշները եւ կայուն դիրքը թույլ են տալիս նրան փոխել իր պաշտոնը: «Հենց հիմա ես տեսնում եմ, որ Amazon-ը նորարարության ամենաբարձր մակարդակում է գտնվում, եւ դրա շնորհիվ եկել է նման վերադասավորումների ժամանակը»,- մամուլի ծառայությունը մեջբերում է կորպորացիայի գործադիր տնօրենի խոսքերը:

Ըստ Forbes ամսագրի' Բեզոսը ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդն է' չնայած 2019-ի ամուսնալուծությանն իր կնոջ հետ, ով ստացավ Amazon-ի 4 տոկոս բաժնեմասը: Ընկերության 57-ամյա հիմնադրի կարողությունը, որին պատկանում է բաժնետոմսերի 11.1 տոկոսը, այժմ 196.2 միլիարդ դոլար է գնահատվում: Բացի Amazon-ից, Բեզոսը հիմնադրել է Blue Origin մասնավոր տիեզերական ընկերությունը, նա նաեւ ԱՄՆ-ի ամենահին թերթերերից մեկի' The Washington Post-ի սեփականատերն է: