Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, ապա դուրս կգար փողոց, մեզ հետ հանդիպումների ժամանակ բազմաթիվ մարդիկ խնդրում են՝ չանցկացնել արտահերթ ընտրություններ: Այս մասին «Ազատություն ռադիոկայանի» հետ հարցազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով՝ երեկ «Իմ քայլը» խմբակցության տարածած հայտարարությանը, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա:
Նա նշեց, որ հունիսին Փաշինյանը հանդես կգա ճանապարհային քարտեզի վերաբերյալ հաշվետվությամբ և, հաշվի առնելով հանրության արձագանքը, այդ քարտեզի վերաբերյալ, դրանից հետո, եթե կարիք լինի նոր որոշման, ապա նոր որոշում կկայացնեն:
Հարցին՝ ընտրությունները կազմակերպվում են ընդդիմությա՞ն, թե ժողովրդի համար, եթե նրանք նշում են, որ ընդդիմությունը չի ցանկանում արտահերթ ընտրություններ, նա պատասխանեց. «Ժողովրդի, բայց քաղաքական գործընթացները՝ այս դեպքում ընտրությունները, պետք է ունենան տրամաբանություն, հակառակ դեպքում մենք անընդհատ կգտնվենք քաղաքական տուրբուլենտության ցիկլերի մեջ»:
Դիտարկմանը, թե պատգամավորն ասում է՝ եթե ժողովուրդն արտահերթ ուզեր, ապա դուրս կգար փողոց և հարցին՝ արդյոք դա է չափման միավորը, որ պնդում են, թե ժողովուրդը չի ուզում արտահերթ ընտրություններ, Կոնջորյանն ասաց, որ ամեն դեպքում իրենք պետք է ունենան որոշակի իմպուլսներ, ու այդ ազդակներից հետո պետք է կայացնեն որոշումներ:
«Կա մարդկանց լայն զանգված, որոնք մեր շփումների, քաղաքացիների հետ մեր հանդիպումների ընթացքում մեզնից պահանջում են, որ չգնանք արտահերթ ընտրությունների: Կա այս, կա մյուս կողմն էլ, մեզ համար այդ ազդակները պետք է լինեն այնքան ազդեցիկ, որ մենք կայացնենք որոշում, քաղաքացիները պետք է իրենց կամքը արտահայտեն աներկբայորեն: Եթե մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ցանկանար և մեզնից պահանջեր գնալ արտահերթ ընտրությունների, ապա առանց 17 ուժերի էլ կինքնակազմակերպվեին և այդ պահանջը մեզ կներկայացնեին»,– ասաց նա:
Կոնջորյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի քաղաքական գործընթացների մեկնարկը եղել է տեռորի փորձը, ԱԺ նախագահի մահափորձը: «Վստահաբար կարող ենք ասել, որ եթե վարչապետի անվտանգությունն ավելի պրոֆեսիոնալ չգործեր, նույն խնդիրն առաջանալու էր վարչապետի դեպքում: Եղել է տեռորի և հոկտեմբերի 27-ի անհաջող փորձ, դրանից հետո այն ուժերը, որոնք կապ ունեին այդ տեռորի հետ, որոշել են փողոցային պայքարով շարունակել, որը իշխանության զավթումն էր: Այս պայմաններում, երբ անընդհատ բռնության քարոզ է տարվում ընդդիմության կողմից, քարոզարշավ անելու համար պետ է ունենանք քաղաքական պատասխանատվություն, ընդհուպ լայն կոնսենսուս այն ուժերի կողմից, որոնք բեմահարթակից զինված հեղաշրջման կոչեր են անում»,- նշեց նա: