Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի լայնածավալ օգտագործման բացակայությունը պայմանավորված է զանգվածային արտադրության բացակայությամբ: Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Հակոբ Արշակյանը նաև հայտարարել է, որ Բայրաքթարների թեման հայկական կողմի համար անչափ ցավոտ է, իսկ պատերազմի օրերին մենք թիկունքում խնդիրներ ենք ունեցել: Նախարարը հավաստիացրեց, որ մեղավորները կպատժվեն:

Հարց է առաջանում' թիկունքում առկա խնդիրների մասին նախարարը ե՞րբ է իմացել՝ պատերազմի օրերի՞ն, երբ գրեթե յուրաքանչյուր օր գրառում էր անում՝ գլուխ գովալով ռազմաարդյունաբերության գործած հրաշքներով, թե՞ պատերազմում պարտվելուց հետո, երբ բազմաթիվ հարցերի պատասխաններ պետք է տրվեին, որոնցից մեկն էլ, ի դեպ, այն հարցն է, թե ինչու է բացակայում հայկական ԱԹՍ-ի զանգվածային արտադրությունը, եթե նախարարի պնդմամբ' ոլորտում ամեն բան հիասքանչ է, և երկնիշ թվով աճեր են արձանագրվում: Կամ ի՞նչ մեղավորներ է պատրաստվում գտնել նախարարը, եթե ոլորտի թիվ մեկ պատասխանատուն հենց ինքն է:

Արշակյանի համար նորություն չէ ոլորտը տապալելը, սա նրա երկրորդ փորձն է, հիշեցնենք, որ մինչ այս էլ նա նույն հաջողությամբ կամ անհաջողությամբ ղեկավարում էր տրանսպորտի և կապի նախարարությունը՝ փիառվելով նախկինների ձեռքբերումների հաշվին...