Մենք արհեստականորեն չենք ձգել ստատուս քվոն: Այս մասին «Արմնյուզ»-ի եթերում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը.
«Ես համաձայն չեմ նաև, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջում, այն ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս:
Դեն շպրտեք գլխից, թե ինչ ենք մենք տալու, մտածեք այն մասին, թե ինչ էինք ստանալու: Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ ու որի օրակարգը ոչնչով չի սահմանփակվում: Դա մեզ հնարվորություն էր տալիս գնալ խնդրի լուծման փոխզիջումների միջոցով»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով' ԼՂ-ն ունենալու էր անվտանգության 7 երաշխիք․ «Բացի դրանից մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որն, ինչպես Ադրբեջանի նախագահն, ինչպես համանախագահները որակում էին որպես այսօրվա իրողություն պլյուս:
Այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության 7 երաշխիք, որոնցից առաջինն այն էր, որ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանական ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ օրենսդիր ու գործադիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է ճանաչված միջազգային հանրության կողմից և այլն»:
Նա նշեց, որ այդ կերպ ԼՂ-ն անդամակցելու էր միջազգային կառույցներին․ «ԼՂ-ն իրավունք էր ստանում անդամակցել միջազգային կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման է: Պլյուսը դա էր:
Մինչև ԼՂ անկախության օրը՝ հանրաքվեի օրը, մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչինն ու Քարվաճառը: 5 շրջանի մասին էր խոսքը: Այնպես որ, այստեղ ցամաքային կապի կամ միջանցքի մասին խոսք չկար»,-ասաց նա: