«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած այն փաստին, որ ՀՀ քաղաքական դաշտում ներկայումս բավական կոլապսային վիճակ է, և ամենուր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, տեղի ունեցող զարգացումների նկատմամբ իշխանական թիմում ակնհայտ անտարբեր տրամադրություն է։ Գոնե այդպես ցույց է տրվում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունները ներկայումս ներկուսակցական, մասնավորաբար, «թիմի համալրման» աշխատանքների նոր փուլ են նախաձեռնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական որոշում է կայացվել լայն թափով կուսակցականացման գործընթաց իրականացնել առաջին հերթին՝ պետական ապարատում։
Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախ՝ ներկայացնել, թե պետական ապարատում աշխատողների քանի տոկոսն է կուսակցական և դրանցից քանի տոկոսն է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ։
Թերթի տեղեկության համաձայն, հարցը դրված է հետևյալ կերպ՝ «կա՛մ դառնում ես կուսակցական, կա՛մ սեփական դիմումի համաձայն ազատվում ես աշխատանքից»։ Թերթի կառավարական աղբյուրը հայտնում է նաև, որ պետական ապարատում աշխատողների համար ներկա դրությամբ ստեղծվել է լուրջ պատային իրադրություն, քանի որ, ինչպես հայտնի է, պետական գերատեսչություններում մեծ թիվ են կազմում անկուսակցականներն ու այլ կուսակցությունների պատկանող անձինք։
Մյուս կողմից, ըստ մեր տեղեկությունների, հրահանգ է իջեցված «թրի տակով անցնել» չցանկացողներից ազատվել, որպեսզի հատկապես պատերազմից հետո հավատարմության երդում տվողներին տեղավորեն պետական կառույցներում»: