Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ այսօր կազմակերպված հանդիսավոր արարողության նպատակը ևս մեկ անգամ կոթողի խորհուրդը վերաարժևորելն էր. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Միջոցառմանը ներկա էին Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը,Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, համայնքի այլ ներկայացուցիչներ: Հարկ է նշել, որ վերջերս անհայտ անձինք պղծել էին հուշարձանը: Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ուժերով այն արագորեն մաքրվել էր և բերվել նախկին տեսքի:

«Այս հուշարձանը միավորում է զրկանքներ կրած երկու ժողովուրդների, և մենք, որպես այդ ժողովուրդների ներկայացուցիչներ, պետք է ամեն ինչ անենք, որ այդ արհավիրքն այլևս երբեք չկրկնվի: Հայաստանը բաց է ազգային բոլոր փոքրամասնությունների համար, և ես ևս մեկ անգամ հավաստում եմ մեր բարեկամությունը հրեա ժողովրդի հետ»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը՝ արատավոր այդ երևույթը դատապարտելու և խնդրին արագորեն արձագանքելու համար: Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հիշատակին: