Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 4-ին, նոր որոշումներ է ստորագրել, որոնցով պաշտոնից ազատել է հրաժարականի դիմումներ ներկայացրած փոխմարզպետներին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ալեքսան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշումներից մեկում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Հենրիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-նշված է 2-րդ որոշման մեջ:
Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը իր հայտարարության մեջ նշել էր․
«Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:
Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…
Հարգանքով,
Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան»-նշված է հայտարարության մեջ։
Արմավիրի մարզպետի տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանի հայտարարության մեջ նշվում է․
«Հարգելի հայրենակիցներ,
Պետության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հանրության համախմբման, միասնական դաշտի ձևավորման կենսական խնդիր են առաջացրել, մինչդեռ երկրի իշխանությունը զբաղված է հանրությունը բաժանելու, պիտակավորելու գործով։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում Արմավիրի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից: Իմ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ զինվորականներին և հատկապես իմ զինակից ընկերոջը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
Տեղին եմ համարում հիշեցնել Նժդեհի հետևյալ ասույթը․ «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»։