«Դոլմաս կծեցին, հարկադիրով են գալու արդեն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը՝ իր ակնհայտ հիասթափությունն արտահայտելով պետական կառույցների նկատմամբ, քանի որ Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը 15 օր ժամանակ է տվել Ավանյանին «Դոլմամա» ռեստորանի տարածքն ազատելու համար։
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ժիրայր Ավանյանը նշեց, որ տարիներ շարունակ պայքարել է իր սեփականության համար, բայց այսօր պարզվում է տարածքն իրենը չէ, այն ուզում են վերցնել իրենից և տալ կառուցապատողին․ «Իմ սեփականությունը ոչ ոքի չեմ տալու․․․ դռան առաջ կանգնելու եմ, ասեմ՝ վրայովս պետք է անցնեք, ինձ պետք է ծեծեք, բայց դուրս չեմ գալու: Անհավատալի է, թեև պրոցեսները գնում էին, բայց չէի կարող պատկերացնել, որ ապրում  եմ մի երկրում, որտեղ մեկը կարող է գալ իմ սեփականությունը վերցնել։ Ես երբեք չեմ ցանկացել սա վաճառել և չեմ տալու ոչ ոքի։ Անգամ չեմ հետաքրքրվել, թե որքան փոխհատուցում են ինձ տալու, որովհետև պատմությունն ի սկզբանե անհեթեթություն է։ Իմ սեփականությունն է, ես գումարը տվել, գնել եմ, ո՞նց կարող է մեկը գալ, իմ սեփականությունը վերցնել»,- ասաց նա՝ նշելով, որ տարիներ առաջ իրեն առաջարկվել է փոխհատուցում՝ շենքը լքելու և ռեստորանը այլ տեղում սարքելու համար, սակայն առաջարկը մերժել է, որից հետո Մայրապետյանի ընկերությունը դիմել է դատարան։
 
Հարցին, թե ինչ են պատրաստվում կառուցել «Դոլմամա»-ի տեղում՝ դժվարացավ ասել․ «Տեղյակ չեմ, այս տարածքում ինչ-որ վերցրել են մինչև հիմա, ուրիշ բիզնեսների են տվել վարձակալության։ Դատարանի որոշմամբ՝ այս տարածքը պետք է տրվի ուրիշ սեփականատիրոջ, քանի որ գերակա շահ նշանակում է մի սեփականատիրոջից վերցնել տալ ուրիշ սեփականատիրոջ։ Չի կարելի խլել մարդու ունեցվածքը, եթե այն պետական կարիքների համար չի օգտագործվելու»,- նշեց ռեստորանի սեփականատերը։
 
2018 թվականի իշխանափոխությունից հետո Ժիրայր Ավանյանն իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանին սատարող գրառումներ էր կատարում։ Նա նաև նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ Հայաստանում որքան գործի հանրային գերակա շահ կոչված կողոպուտի տեսակը, սեփականության անձեռնմխելիությունը չի հաստատվի որպես գերակա իրավունք։ Ըստ նրա՝ այսպիսի վերաբերմունքով Հայաստանը դրսից ներդրողներ ներգրավել չի կարող․ «Եկել եմ, տեսանք, թե ինչ են անում։ Դեռ չեմ խոսում իմ ներդրումների, ծախսած գումարների, տարիների մասին։ Նրանք միևնույնն է չեն կարող այս ամենը փոխհատուցել, քանի որ դրանք անգին են։ Բավականին ներդրումներ եմ արել, Դիլիջանում նոր տարածք եմ սարքել։ Մի օր էլ կարող է Սամվել Մայրապետյանի պես մեկը որոշի, որ իմ Դիլիջանի կամ մյուս տարածքներն են իրեն պետք»,- ասաց Ավանյանը։ 
 
Նշենք, որ «Դոլմամա» ռեստորանի շենքի շուրջ դատական վեճերը շարունակվում են շուրջ 13 տարի։ Դեռևս 2008 թ.-ին կառավարությունը որոշել է Աբովյան և Պուշկին փողոցների շենքերի տարածքները (այդ թվում ՝ «Դոլմամա» ռեստորանի տարածքը) հանրային գերակա շահ ճանաչել։ Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է:
 
Սոնա Հարությունյան