Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն:
Նշվում է, որ մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը 9-10 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 12-ի քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: