Մերօրյա հերոս Նորայր Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 2-ին Հացավան գյուղում: Նա գերադասեց իր կյանքին վերջ տալ, քան գերի ընկնել:
«Նորոն հանգիստ բնավորության տեր անձնավորություն էր, անսահման բարի էր, էնքան շատ էր իր միջի բարությունը, որ ես մեկ-մեկ զարմանում էի, ինքս ինձ հարց էի տալիս, թե ոնց կարա մարդ այս աստիճանի բարի լինի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Էլեն Պետրոսյանը:
Նորայրը ավարտել էր Գառնիի թիվ 1 դպրոցը, որից հետո ընդունվել էր Ոստիկանական ակադեմիա` որպես իրավաբան. «Ուսումից զատ, Նորոն ազատ ժամանակ շատ էր սիրում դհոլ նվագել և զբաղվել սպորտով, իր սիրած սպորտաձևը բռնցքամարտն էր»,- ընդգծեց Էլենը:
Հերոսը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 24-ին Ջաբրայիլի զորմասում: Նորայրը պատերազմի առաջին իսկ օրվանից եղավ դիրքերում՝ գնաց հայրենիքի պաշտպանության. «Սեպտեմբերի 27-ին զանգահարեց տուն, ասաց, որ իրենց մոտ խաղաղ է: Հետո զանգահարեց ինձ, կրակոցների, պայթյունների ձայներ լսեցի, զգացի, որ ամեն ինչ լուրջ է: Նորոն ինձ խոստովանեց՝ դիրքերում է, բայց ասաց, որ հանկարծ մամային չասեմ այդ մասին՝ կանհանգստանա»,- վերհիշեց Նորայրի քույրը:
Վերջինս նշեց, որ պատերազմի օրերին Նորայրը այնքան էլ հաճախ չէր զանգահարում, քանի որ չէր սիրում հեռախոսով խոսել. «Սեպտեմբերի 27-ի զանգից հետո, Նորոն 3 օր չզանգահարեց, շատ էինք անհանգստացել, հետո զանգահարեց ու ասաց, որ 3 օր Ջաբրայիլում շրջափակման մեջ են եղել, նահանջ են տվել ու տեղափոխվել են Հադրութ»,- ասաց Էլենը:
Հադրութում ևս Նորայրը եղել է թեժ մարտերի մեջ, նրան հրաման է տրվել 300 զինվորով բարձրանալ և հսկել սարը. «Նորոն հակատանկային մարտկոցի կրտսեր սերժանտ էր: Իրեն հրամայել էին, որ նորակոչիկ զինծառայողների հետ բարձրանա և իր տեխնիկայով այդ սարում դիրքավորվի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ սարը արդեն շրջափակված էր եղել թշնամու կողմից, և նրանք հենց բարձրացել են, սկսել են նրանց վրա կրակել»,- նշեց Նորայրի քույրը:
Հոկտեմբերի 9-ին հերոսը վիրավորվում է ձեռքից ու ոտքից: Այդ վիճակում նա մեկ օր մնում է շրջափակման մեջ, իսկ գերի ընկնելու մասին, անգամ, չէր էլ ցանկացել լսել. «Նրանց հրամանատարը նահանջել է ու կարողացել է փրկվել: Նորոյին ասել է՝ արի՛, ես քեզ հետս տանեմ, բայց Նորոն հրաժարվել է՝ ասելով՝ իր զինվորներին չի թողնի մենակ: Հետո հրամանատարը Նորոյին ասել է՝ դու գոնե գերի ընկի, որ փրկվես, Նորոն էլ պատասխանել է, թե գերի չի ընկնի ու տղերքին էլ չի թողնի, որ գերի ընկնեն»,-խորը ցավով պատմեց Էլենը՝ հավելելով, որ Նորայրը, տեսնելով՝ թշնամիները մոտենում են նրանց, քաշել է նռնակը և զոհվել՝ սպանելով մի քանի ադրբեջանցու:
Նորայրը զոհվել է դեկտեմբերի 21-ին, սակայն հուղարկավորվել է հունվարի 17-ին. «Մենք իր դին 3 ամիս չենք կարողացել գտնել, հունվարի 17-ին նոր գտել ենք, սարի վրա էր, իսկ թուրքերը թույլ չէին տալիս, որ այդ տարածք մտնեին՝ դիակները դուրս բերելու»,- ասաց Էլենը:
Ըստ նրա խոսքերի՝ Նորայրը զգացել է, որ շուտով պետք է զոհվի, այդ տպավորությունն է ձևավորվել Էլենի մոտ՝ եղբոր վերջին զանգի պատճառով. «Վերջին անգամ եղբայրս խոսել է մամայի հետ, ասել է՝ մա՛մ ջան, խոսա, պատմի, ուզում եմ լսեմ, ի՞նչ կա, ի՞նչ եք անում, ի՞նչ եք արել: Կարծես՝ ինքը ներքուստ զգացել է, թե ինչ է կատարվելու իր հետ ու հաջող է արել մամային. դա իր վերջին զանգն է եղել...»,- խորը ցավով ասաց հերոսի քույրը:
Զվարթ Պետրոսյան