Այսօր՝ մարտի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արշակ Սաիյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սավելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, վերջինիս և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: