Գիտության ոլորտում ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար, բոլոր մակարդակներում աշխատավարձերի բարձրացում է լինելու։ Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Աստիճանական բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակվում, որով 2022 թվականից մինչև 2025 թվականն էականորեն փոխվելու են բազային աշխատավարձերի դրույքները»,-ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը, որովհետև համեմատած մյուս ոլորտների հետ՝ գիտությունը գրավչություն չունի։ «Եվ եթե մենք նայենք ընդհանուր, թե ովքեր են գիտությամբ զբաղվում, կտեսնենք, որ գիտությամբ զբաղվող անձանց միջին տարիքը շատ բարձր է։ Եվ, ընդհանուր առմամբ, այդ երիտասարդացման գործընթացը տեղի չի ունենում գիտության մեջ»,- ասաց ՝ ավելացնելով, որ աշխատավարձերի վերանայման արդյունքում կարողանալու են գրավչությունը մեծացնել, ավելի շատ երիտասարդներ են գնալու դեպի գիտություն։ Բացի դա, թեմատիկ գիտական աշխատանքների շնորհիվ ավելի շատ գումար կվաստակեն գիտությամբ զբաղվողները։
Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով գիտության ֆինանսավորումն ավելացվեց 2,78 մլրդ դրամով: