Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ՝ մայիսի 11-ին, այցելել էր Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ, ապա՝ Հոկտեմբերյանի՝ Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշահամալիր:
Հուշահամալիրում Աբրահամյանին մոտեցան քաղաքացիներ և հայտնեցին, որ Հոկտեմբերյան քաղաքի կենտրոնական հրապարակում բնակիչներ են հավաքվել և ցանկանում են հանդիպել նրա հետ: Արա Աբրահամյանը չմերժեց քաղաքացիների խնդրանքը, ելույթ ունեցավ համայնքապետարանի Մշակույթի տան դիմաց և պատասխանեց հավաքվածներին հուզող հարցերին։
«Հայստանում տիրող իրավիճակն ինձանից լավ գիտեք, բավականին խորը ճգնաժամի մեջ ենք և ես այստեղ եմ, որպեսզի իմ անցած փորձը, գիտելիքները ներդնենք, մեր կյանքը լավացնենք՝ Հայաստանը դարձնելով աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը: Մենք ունենք հստակ ծրագրեր և պատկերացումներ, թե ինչպես կարող ենք այդ ամենն իրականացնել, շատ պարզ ծրագիր է. ուզում եմ, որ 10 միլիոն հայերը միանան․ մենք բոլորս մի գույն ու մի ազգ ենք և մեր միասնականությամբ երկիրը պետք է հանենք ստեղծված ճգնաժամից»,- իր ելույթում ասաց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ երեկ Արա Աբրահամյանն Արմավիրի մարզում էր։ Նա Ջանֆիդա գյուղում ծաղիկներ խոնարհեց պատերազմում նահատակված հերոսների շիրիմներին, ապա այցելեց Հոկտեմբերյան քաղաք՝ Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշահամալիր:
Մանրամասները՝ տեսանյութում: