Հարցազրույց Գ.Վ. Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն պ.գ.թ. Թամարա Վարդանյանի հետ

-Տիկին Վարդանյան, վերջերս տեղի ունեցավ Գ.Վ. Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի «Հեռանկարային Հետազոտությունների լաբորատորիայի» հանդիսավոր բացումը։ Բացման խոսքում դուք նշեցիք, որ մասնաճյուղի կրթական ծրագրերում գերակա ուղղություններն ընդգրկում են ՏՏ ոլորտը։ Խնդրում ենք մանրամասնել, ի՞նչ հեռանկարներ են առաջանում ուսանողների համար։

-Առաջին և հիմնական նորությունն այս տարի այն է, որ Գ․Վ․ Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը հատուկ քվոտայով բյուջետային տեղեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունից։ Ընդ որում, բյուջետային տեղերը հատկացված են «Կիրառական ինֆորմատիկա» ֆակուլտետի համար, որտեղ ուսումնառության ավարտին ուսանողը ստանալու է ՌԴ պետական դիպլոմ՝ «Կիրառական ինֆորմատիկան տնտեսությունում» (Прикладная информатика в экономике) մասնագիտացումով։ Ըստ էության, ենթադրվում է միջառարկայական հետազոտությունների հարթակի ձևավորում։ Ուսումնական պլանն ու առարկայական ցանկն այնպիսի տրամաբանությամբ են մշակված, որ ՏՏ ոլորտն ու տնտեսագիտությունը մեկտեղված են, ինչը կտրուկ բարձրացնելու է ուսումնառության կիրառական բաղադրիչը։ Մեր նպատակն է դաստիարակել ուսանողին որպես հետազոտող-անհատ։ Այդ խնդրին է ծառայելու նաև նորաբաց լաբորատորիայի գործունեությունը։

-Տարեցտարի բուհերում նկատվում է ուսման վարձերի բարձրացում հասարակության վճարողունակության անկման ֆոնին, այսինքն՝ կրթության հասանելիությունը լրջորեն վտանգված է, ուստի, եթե դեմ չեք, վերադառնանք կրթաթոշակներին և անվճար տեղերին։ Եթե կարելի է, մանրամասնեք, թե ինչի՞ մասին է խոսքը։

-Իհարկե, նախ կցանկանայի նշել, որ Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանը մասնաճյուղեր ունի նաև այլ երկրներում՝ Բելառուսում, Ուզբեկստանում, Մոնղոլիայում, սակայն անվճար ուսման հնարավորություն ստացել են միայն Երևանի մասնաճյուղի դիմորդները։ Կարևոր է նաև, որ ուսանողները ոչ միայն անվճար ուսումնառության հնարավորություն կունենան, այլև կստանան ամսեկան կրթաթոշակ ՌԴ կառավարությունից։ Անշուշտ, մենք ակնկալում ենք տաղանդավոր դիմորդների մուտքը մեր համալսարան, ուստի բյուջետային տեղերում ընդգրկվելու համար դիմորդը պետք է ցուցաբերի խոր գիտելիքներ և համապատասխան պատրաստվածություն։ Այս տարի բյուջետային տեղերի քանակը 10-ն է, սակայն հուսով ենք, որ տարեցտարի այն կավելանա։ 

Վերջում կուզենայի, օգտվելով առիթից, հաջողություն մաղթել 2021թ․ բոլոր դիմորդներին, ցանկանալ նրանց կանաչ ճանապարհ, ջանասիրություն, բարձր առաջադիմություն և նպատակասլացություն։