Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով: Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ.
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն»,- ասված է հայտարարությունում։