Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 23 կուսակցություն և 4 դաշինք: Ռեկորդային նման ցուցանիշ գրանցվել էր 2007 թվականի ընտրություններին՝ 22 կուսակցություն և 1 դաշինք: 14 տարի անց գրեթե նույն պատկերն է:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս հանգամանքը բացատրում է՝ առանձնացնելով մի քանի պատճառներ.

1. Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում քաղաքական համակարգը այդպես էլ չի ձևավորվել, որովհետև ընտրություններն անընդհատ կեղծվել են և, բնականաբար, կուսակցական համակարգը, որ քաղաքական համակարգի մի մասն է, նույնպես չի ձևավորվել: Եթե ընտրությունների միջոցով կեղծվում էին դրանց արդյունքները, ապա պարզ չէր դառնում՝ այդ կուսակցությունը մրցունա՞կ է, թե՞ ոչ և այդ կուսակցությունը չէր հեռանում քաղաքականությունից: Այսինքն՝ կուսակցական  համակարգը կայացած չէ և այդ պատճառով է, որ այսքան շատ քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին:

2. Հայաստանում բավականին ուժեղ է առաջնորդամոլությունը և շատերին թվում է, որ ճիշտ կլինի, եթե իրենք ղեկավարեն կուսակցությունը: Այստեղ հետևյալ տրամաբանությունն է՝ ավելի լավ է լինել գյուղում առաջինը, քան քաղաքում 2-րդը, ավելի լավ է ունենալ սեփական կուսակցություն և հանդես գալ որպես դրա ղեկավար, քան լինել այլ կուսակցությունում 2-րդ անձնավորությունը: Իրենց նաև թվում է, որ եթե հանդես են գալիս որպես կուսակցության ղեկավար, հարցազրույց են տալիս, ապա այդ կուսակցության նախագահ լինելու փաստով ավելի ծանրակշիռ են դարձնում իրենց. սա ուղղակի թերարժեքության բարդույթ է: Չեն ցանկանում միավորվել, որովհետև այդ դեպքում հարց է առաջանում՝ ով է լինելու միացյալ կուսակցության ղեկավարը ու ամենամեծ խնդիրն է առաջ գալիս՝ բոլորն էլ ուզում են լինել ղեկավար:

3. Հայաստանում շատ դեպքերում կուսակցությունները դիտարկվում են այս կամ այն ընտրական խմբի շահերի ներկայացուցիչներ, որոնք այդ ընտրական խմբերի տեսակետները պետք է հնչեցնեն ԱԺ-ում և փորձեն օրենսդրական գործունեության միջոցով կյանքի կոչել ընտրություններում հաղթած այս կամ այն խմբի գաղափարները: Դրա փոխարեն, կուսակցությունը վերածվում է սեփական բիզնեսի, շատ դեպքերում՝ նաև վաճառելով այն, որի արդյունքում քաղաքականության հետ առնչություն չունեցող մեկը գալիս և դառնում է կուսակցության առաջնորդ: Այսինքն՝ շատերը կուսակցությունները դիտարկում են որպես սեփական բիզնեսներ:

4. Շատ դեպքերում կուսակցությունները մտնում են ընտրական գործընթացի մեջ այն պատճառով, որ իրենց պատվիրատուի միջոցով քննադատեն կամ գովեն այս կամ այն կուսակցությանը: Oրինակ, կան երկու ազդեցիկ քաղաքական ուժեր, որոնք ընտրական գործընթացում են, սակայն նրանցից մեկը չի ցանկանում քննադատել իր հիմնական մրցակցին, բայց բերում է մարդ-կուսակցությունների, որոնք ուղղակի սկսում են քննադատել և ջախջախել մրցակիցներին, այսինքն՝ պատվերով և ֆինանսավորմամբ, իհարկե, չնշելով պատվիրատուին:

Քաղտեխնոլոգը վստահ է՝ ժամանակի ընթացքում թվարկվածները կվերանան, սակայն առաջնահերթ պետք է լուծել քաղաքական համակարգում առկա բացերը:

Նշենք, որ այս ընտրություններին մասնակցում են բազմաթիվ գործարարներ: Բադալյանը դա բացատրում է հետևյալ կերպ. «պետք է «ձայներ բերելու» խնդիր լուծել, որոնք ապահովում են այդ գործարարները»:

Արփինե Հակոբյան