Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել: Այս առումով, իհարկե, շատերի մոտ կարող է տարակուսանք առաջանալ` հաշվի առնելով Փաշինյան-Մուկուչյան փոխհարաբերությունները:
 
Ընդդիմադիր Փաշինյանը մշտապես քննադատության թիրախում է պահել ԿԸՀ ղեկավարին` գրեթե յուրաքանչյուր տեղական կամ համապետական ընտրություններից հետո հենց նրան մեղադրելով ընտրակեղծիքների վրա աչք փակելու և այդպիսով՝ իշխանությունների վերարտադրությունը ապահովելու մեջ: 2013-ին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցերում մեղադրեց Տիգրան Մուկուչյանին, որ վերջինս, լինելով ԿԸՀ նախագահ, պատշաճ ուշադրություն չի դարձրել մամուլի հրապարակումներին, տպագրած դիմում-բողոքներին և անձամբ է կեղծել խորհրդարանական ընտրությունները, մեկ ամիս առաջ անցկացված նախագահական ընտրությունները և կեղծելու է նաև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները: «Նկատի ունենալով իմ դաստիարակությունը, որ չեմ կարող իջնել այդ մակարդակին և նույն ոճով խոսել, երևի դա է ձեզ թույլ տալիս նման կերպ վարվել: Բայց ես գիտակցում եմ, որ գտնվում եմ ՀՀ խորհրդարանում և կփորձեմ առավելագույնս պարկեշտ պատասխանել այն հարցերին, որ ձեր կողմից բարձրացվեցին»,- պատասխանել էր Տիգրան Մուկուչյանը: «Եթե ձեզ թվում է, որ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, դուք չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում, բայց ձեր դաստիարակությունը հերիքում է, որ Ազգային ժողովի ամբիոնից մի ամբողջ ժողովրդին և հասարակությանը ստեք և սուտ փաստեր ներկայացնեք»,- արձագանքել էր Փաշինյանը:
 
Ավելի ուշ՝ տարիներ անց, արդեն ԵԼՔ-ի պատգամավոր Փաշինյանը անեկդոտ էր պատմում Մուկուչյանի մասին:
  
Ո՞րն է պատճառը, որ նման պաշտոնյան այսօր քարտ–բլանշ է ստացել նոր կառավարության կողմից: Արդյո՞ք Փաշինյանը ընդունում է, որ տարիներ շարունակ պարզապես զրպարտել է ԿԸՀ նախագահին, թե պարզապես գալով իշխանության` որոշել է օգտվել վերջինիս «մասնագիտական կարողություններից»...