Երևանի քաղաքապետարանի կողմից Աջափնյակ վարչական շրջանում շինությունների քանդման աշխատանքների 99 %-ը անօրինականությունների և ապօրինությունների տիրույթում է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը՝ մտահոգվելով քաղաքապետարանի կողմից իր քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքից։ 
 
Նրա խոսքով՝ ինքնակամ կառույցները պետք է ապամոնտաժել օրենքով սահմանված կարգով, այն է՝ քանդման որոշման առկայության պարագայում․ «Ինքնակամ կրպակների ու շինությունների տերերը դեռևս 2-3 ամիս առաջ Երևան համայնքում մուտքագրել են դիմումներ անօրինական շինությունները օրինականացնելու վերաբեյալ։ Օրենքն ունի հստակ մոտեցում՝ եթե բնակիչն, արդեն իսկ, դիմել է օրինականացման, Երևան  համայնքը պարտավոր է կայացնել 2 որոշում՝ կամ օրինականացնելու, կամ քանդելու։ Փաստացի ոչ մեկն է արվել, ոչ մյուսը, ավելին քաղաքացիներին տուգանել են 400 հազար դրամի վարչական տույժով համայնքի հողը գանձելու համար։ Համայնքը, առանց որևէ փաստաթղթի և միայն իշխանական լիազորություններով օժտված լինելով, որոշել է քանդել շինությունները, այնինչ իրենք ևս պետք է շարժվեն օրենքով։ Գալիս են տրակտորով և սկսում ենթադրենք՝ 5 մլն դրամի գույքը ոչնչացնել»,- նշեց նա։
 
Փաստաբանը նշեց, որ այս առիթով հաղորդում է պատրաստել և դիմելու է դատախազություն։ Նա նաև նկատեց, որ քանդման աշխատանքները օրենքն է սահմանում, որի համար անհրաժեշտ է քանդման աշխատանքներ իրականացնող շինարարական ընկերության լիցենզիա, ինչը տվյալ դեպքում բացակայում է․ «Եթե քանդման աշխատանքներ են իրականացնում, դա էլ պետք է լինի մարդավարի, այսինքն այնքան արհամարհած ունեն իրենց քաղաքացուն, որ գույքը դիտավորյալ ոչնչացնում են։ Քանդման աշխատանքները, այլ ոչ թե գույքի դիտավորյալ վնասելը, իրականցնում են հատուկ դրա համար լիցենզիա ունեցող շինարարական կազմակերպությունները։ Նրանք նախ քաղաքացուն պետք է առաջարկեն անձամբ տեղափոխելու իր շինարարական մատերիալնեը, ոչ թե ջարդուփշուր անեն և քաղաքացուն ներկայացնեն պահանջ՝ քանդման աշխատանքների համար ծախսված գումարի չափով»,- նշեց փաստաբանը։ 
 
Մարտիրոսյանը նկատեց նաև՝ խախտում կատարած քաղաքացուն պետք է հարգել և օրենքի շրջանակում հասկացնել սխալը․ «Եթե քաղաքացու հետ մտնում եք պայքարի, օրենքով պետք է պայքարես։ Քաղաքացուն պետք է հասկացնել, որ նա սխալ է, օրենքը թելադրում է սա։ Իսկ այսօր մենք օրենքի և օրինականության դաշտում չենք, իրար դեմ են դուրս եկել և գործում են մուրճերով, մահակներով, տրակտորներով։ Հասկանում ենք, որ քաղաքապետը փողոցից է եկել, բայց այս մարդիկ ընտանիքում են դաստիարակվել ու մեծացել»,- ասաց Հասմիկ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ հետամուտ է լինելու, որ բոլորը պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ 
 
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 22-ի ավագանու նիստին հայտարարեց՝ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների օրը, երբ ոստիկանները զբաղված են եղել հասարակական կարգի ուժեղացված հսկողությամբ՝ հատկապես ընտրական տեղամասերի մոտ, կեսգիշերին, աջափնյակում ապօրինի կրպակներ են տեղադրվել։ Աջափնյակի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում մի քանի կրպակներ են քանդվել։ Վերջին 6 ամիսներին, ըստ քաղաքապետարանի, միայն աջափնյակում 34 ապօրինի կրպակ է ապամոնտաժվել։