ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն ավելի քան 4000 անդամ ունեցող Գերմանական ճամփորդական ասոցիացիայի (DRV) հետ համատեղ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ն անց է կացնելու DRV Destination Forum-ը Հայաստանում: Զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ միջոցառման շրջանակներում նախատեսվում է հյուրընկալել 70 մասնակից Գերմանիայից, որոնք ներկայացնում են զբոսաշրջային գործակալություն, մեդիա ընկերություն, ավիաընկերություն, զբոսաշրջային արդյունքի մասնագետների և այլն։

Միջոցառման նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն՝ ներգրավելով Գերմանիայից ավելի շատ զբոսաշրջիկների, ամրապնդելով Հայաստանի և Գերմանիայի միջև զբոսաշրջային գործնական կապերը։

Այդ նպատակով Զբոսաշրջության կոմիտեն «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համագործակցությամբ հայտարարում է կազմակերպությունների ընտրության մրցույթ՝ միջոցառումը պատշաճ կազմակերպելու, մասնակիցներին Հայաստան ճամփորդության և կացության հետ կապված աջակցություն ցուցաբերելու նպատակով: