Համացանցում կադրեր են հայտնվել իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ երեկ տեղի ունեցած հարսանիքից, որտեղ երևում է ազատամարտիկ, «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը։ Շատերը նշել են, որ սպասում են մեկնաբանությունների։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պավել Մանուկյանը նշեց, որ ինքը գնացել է Սաղմոսավանք ներկա գտնվելու իր զինվորի՝ Արամ Մակարյանի հարսանիքին․ «Իրենք եկեղեցում էին, ես էլ մոմը վառել դուրս եմ եկել, իրենք դուրս են եկել, թողել հեռացել եմ։ Հիմա իրենք լուսանկարներ են տարածել, չգիտես ինչեր են արել։ Այսօր այդ մասին ուղիղ եթերում կխոսեմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ինքն ակամայից է հայտնվել կադրում։
Ավելի վաղ արձագանքելով գրառումներին ու քննադատություններին Պավել Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես գնացել եմ զենք բռնողի հարսանիքի, ոչ թե շիշ բռնողի։ Զենք բռնողս եկեղեցում է։ Հ․ Գ․ Կյանքում լինում են պահեր, որ բազեն ու բայղուշն ակնթարթեր կողքի են լինում»,- գրել է նա։