Հայաստանը քաղցկեղի մահացությամբ աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Մեր ապրելակերպը, ընդունած սնունդը, շնչած օդն ու սթրեսը դրա վրա ազդող գործոններից են։ Բայց այդ գործոնների մասին հաճախ ամբողջական պատկերացում չունենք։ Մինչդեռ ամեն գիտական փաստ էլ կարելի է բացատրել հասկանալի ու ընկալելի լեզվով։ Փորձենք հասկանալ՝ ինչը կարող է ապագայում քաղցկեղի պատճառ դառնալ՝ զուգահեռ նվազեցնելով այդ ռիսկերը մեր ու հարազատների համար։

 Սիգարետ

Սիգարետը համարվում է թոքի քաղցկեղի առաջնային պատճառներից մեկը։ Հայաստանում, ցավոք, ծխում է տղամարդկանց կեսից ավելին, իսկ կանանց դեպքում վիճակագրությունն աղոտ է․ ըստ պաշտոնական տվյալների, այդ թիվը 5%-ից էլ ցածր է, մինչդեռ կանայք հաճախ չեն էլ խոստովանում, որ ծխում են։

Սիգարետը մարդուն վնասում է ծխի ու ծխի մեջ առկա վնասակար նյութերի արդյունքում։ Երբ ծխողը ներշնչում է ծուխը, խեժը (ծուխ – նիկոտին - ջուր) նստվածք է թողնում նրա թոքերի վրա։ Ածխածնի մոնօքսիդը, բենզոլը, ակրոլեինն ու այլ չափազանց վնասակար նյութերը խեժի անբաժանելի մասնիկներն են։

Ինչպե՞ս նվազեցնել ռիսկը․ պետք է կամքի ուժ դրսևորել ու հրաժարվել սիգարետից․ սա լավագույն լուծումն է ու ավելի լավը չկա։ Ամեն դեպքում, եթե չի ստացվում կամ որքան էլ տարօրինակ է հնչում, բայց չկա ցանկություն հրաժարվել նիկոտինից, փորձեք հրաժարվել սիգարետից ու այդ նիկոտինը ստանալ ուրիշ եղանակով` նիկոտինային սպեղանի, մաստակ, ծխախոտը տաքացնող սարքեր։ Կարևորը՝ չլինի այրում, հետևաբար՝ ծուխ ու խեժ։

 Սնունդ

Մենք՝ հայերս, սիրում ենք համեղ ուտել։ Եվ սնունդ ընտրելիս նախապատվությունը տալիս ենք ոչ թե ուտելիքի առողջարար, այլ առաջին հերթին համեղ լինելուն։ Բարեբախտաբար, Հայաստանի գյուղատնտեսությունը թույլ է տալիս ընտրել առողջ կամ մեզ ավելի քիչ վնասող սնունդ, որը կօգնի նվազեցնել քաղցկեղի ռիսկը։

Սնունդը, որը կարող է քաղցկեղ առաջացնել, կոչվում է քաղցկեղածին՝ կանցերոգեն։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, քաղցկեղածին են, օրինակ, երշիկեղենն ու մսային պահածոները, որոնց պատրաստման ժամանակ ավելացնում են նիտրիտներ։ Մեր օրգանիզմի ստամոքսահյութի ազդեցության հետևանքով այդ սնունդից առանձնանում են նիտրոզամիններ՝ խիստ քաղցկեղածին միացություններ։ Ապացուցված է, որ երշիկի ամենօրյա օգտագործումը հաստ աղիքի քաղցկեղի հավանականությունն ավելացնում է 18%-ով։

Ինչպե՞ս նվազեցնել ռիսկը․ ամբողջությամբ մսամթերքից հրաժարվել չի կարելի․ այն պարունակում է օգտակար ու մարդու օրգանիզմին անհրաժեշտ շատ նյութեր։ Այդ իսկ պատճառով քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար ցանկալի է բացառել երշիկեղենն ու մսային պահածոները, նվազեցնել կարմիր մսի օգտագործումն ու նախապատվությունը տալ թռչնամսին։

 Արև

Լավ անցկացրած ամառային հանգստի լավագույն ապացույցն է դարձել արևայրուքը։ Միևնույն ժամանակ, պետք է զգույշ լինել․ մաշկի չարօրակ քաղցկեղի դեպքերի 90%-ը պայմանավորված է արևի տակ երկար ժամանակ անցկացնելով։

Այնուհանդերձ, արևը մեզ անհրաժեշտ է։ Ապացուցված է, որ արևի լույսը բարձրացնում է տրամադրությունը, դրա ազդեցությամբ մեր օրգանիզմում արտադրվում է այդքան անհրաժեշտ D վիտամինը, որը էլ բարձրացնում է մարդու օրգանիզմի դիմադրողականությունը քաղցկեղի նկատմամբ։

Ինչպե՞ս նվազեցնել ռիսկը․ պետք է հարցին մոտենալ հավասարակշռված։ Արևի տալ ցանկալի է լինել առավոտյան մինչև ժամը 10—ը  ու երեկոյան ժամը 17:00-ից հետո։ Պետք է պաշտպանել մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ կրել գլխարկ, ակնոց, հովանոց, օգտագործել արևապաշտպան քսուքներ։