Մայր Աթոռի արխիվը «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակներում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կազմակերպել է արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես (հեղինակ և համադրող՝ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան):

Այս գործում Մայր Աթոռի արխիվին աջակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը:

Ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, 1933 թ. թեմի կազմալուծումը, Խորհրդային տարիներին արցախյան, առհասարակ՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի սահմանների մեջ հայտնված հայոց սրբավայրերի վիճակը, ինչպես նաև՝ 1988 թ. Արցախյան շարժման արդյունքում՝ թեմի վերահաստատումը:

Ցուցահանդեսն անդրադառնում է նաև Տ.Տ. Վազգեն Ա., Տ.Տ. Գարեգին Ա. և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսների գահակալության տարիներին Արցախի և ղարաբաղյան հարցի հետ նրանց առնչություններին, ձեռնարկներին:

«Հատկանշական են այն համատեղ հայտարարությունները, որոնք ստորագրվել են Հայոց Հայրապետների և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդների կողմից՝ գործուն մասնակցությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքների, համաշխարհային եկեղեցական կազմակերպությունների»,-ասված է հաղորդագրությունում:

Առանձին ցուցավահանակներով ներկայացված է Դադիվանքը (որի անվտանգությունն ու պաշտպանությունն ստանձնել են ռուս խաղաղապահները) և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը:

Ցուցահանդեսի որոշ նյութեր Մայր Աթոռի արխիվին տրամադրել են Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի պատմության թանգարանը, անհատ գիտաշխատողներ: