ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է տարածել Անկախության 30-ամյակի առթիվ․
«Սիրելի՛ հայ ազգ, սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն,
Շնորհավորում եմ բոլորիս՝ 30 տարի առաջ մեր ազգի կայացրած օրհնյալ որոշման առթիվ:
30 տարի առաջ սեպտեմբերի 21-ը ամսաթիվ լինելուց զատ վերածվեց ազգի ինքնության, ազգի միասնականության, անկոտրում կամքի ու հավատի սիմվոլի:
Նորանկախ հայկական պետականությունը կոփվեց բազմաթիվ փորձություններում, որոնք գուցե հնարավոր չլիներ հաղթահարել, եթե չլիներ ազգի միասնականությունը, ազգային պետություն ունենալու համընդհանուր երազանքը և պատմական հայրենիքում ազատ ապրելու անխախտ ուխտը:
Ինչպես անկախության առաջին օրերին, այնպես էլ հենց այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ: Մարտահրավերներ, որոնք պարտավոր ենք հաղթահարել համազգային վճռականությամբ: Այլ ճանապարհ չկա՛:
Անկախության տոնի խորհուրդը պիտի ամուր մնա մեր և մեր սերունդների կյանքում: Ուղիղ մեկ տարի առաջ մի ամբողջ սերունդ՝ անկախության սերունդ, ելավ սրբազան պայքարի՝ հանուն նրա, որ մեր հայրենիքը շարունակի ապրել, ապրել ազատ և միասնական:
Ուստի հավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, ովքեր այսօր Եռաբլուրից են մեզ հսկում: Արժանի՛ լինենք նրանց լուսավոր հիշատակին, պաշտպա՛ն լինենք մեր հայրենիքին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»: