Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորների Երևանում վարձակալած բնակարանի վարձավճարը կփոխհատուցի Ազգային ժողովը: Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան' ԱԺ աշխատակազմից փոխանցում են, որ բնակարանի վարձի փոխհատուցում ստանում են ՔՊ-ական պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփի Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը:

Յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100,000-ական ՀՀ դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թվականի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման: Նշենք, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններով էլ յուրաքանչյուր ամիս պատգամավորներին նաև 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի գումար է փոխանցվում:

Համաձայն Վահե Ղալումյանի 2020 թվականի տարեկան հայտարարագրում նշված բանկային հաշվեհամարի մնացորդի, այնտեղ առկա էր՝ 713,785.20 դրամ: Աշխատանքի դիմաց վարձատրությունը՝ 7,852,860.00 ՀՀ դրամ:

Թագուհի Ղազարյանի բանկային հաշվի մնացորդը նույն ժամանակահատվածում կազմել է 2,031,618.00 ՀՀ դրամ, աշխատավարձը՝ 7,850,370.00 ՀՀ դրամ:

Հովիկ Աղազարյանը հայտարարագրել է 1,051,879.00 և 4,656,843.00 ՀՀ դրամի փոխառություն, 4,000,000.00 կանխիկ դրամ, աշխատավարձը՝ 8,545,520.00 ՀՀ դրամ:

Արփի Դավոյանի հանձնված և ստացած փոխառությունները կազմել են 25,991,000.00 ՀՀ դրամ, բանկային հաշվի մնացորդը՝ 2,832,817.00 ՀՀ դրամ:

Արեն Մկրտչյանի հանձնված և ստացված ավանդները կազմել են 1,900,000.00 ՀՀ դրամ, բանկային հաշվի մնացորդը՝ 186,300.00 ՀՀ դրամ, կանխիկ դրամը՝ 650,000.00 ՀՀ դրամ, աշխատանքի վարձատրությունը՝ 7,689,810.00 ՀՀ դրամ:

Ինչպես տեսնում ենք բերված մի շարք օրինակներից՝ գործող պատգամավորները բնավ էլ քյասիբ հեղափոխականներ չեն, սակայն, կարծես թե, համառորեն առաջնորդվում են «շնից մազ պոկելն էլ է քյար» հայտնի ասացվածքով' ցանկանալով բյուջեից հնարավորինս շատ գումար պոկել...