Ազնիվ կլիներ, որ հայկական պատվիրակության իշխանական ներկայացուցիչները խոսեին և իրենց հրապարակումներում նշեին այն պատգամավորների անունները, ովքեր եղել են ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի անդամ, որի անմիջական մասնակցությամբ է կազմվել զեկույցը։ Հանձնաժողովում եղել եմ նաև ես, իսկ փոխարինող անդամը Տաթևիկ Հայրապետյանն էր, մենք հսկայական աշխատանք են տարել այս զեկույցի նախապատրաստության փուլում։ Ես ամենօրյա կապի մեջ եմ եղել զեկույցի հեղինակ Պոլ Գավանի հետ, նրան ուղարկել եմ Ադրբեջանի կողմից մեր զինվորների հանդեպ կատարած վայրագությունները, մշակութային վանդալիզմի փաստերը, նույնը արել է Տաթևիկը, բավականին աշխատել է Ռուբենը Ռուբինյանը, բայց ես կարծում եմ՝ ազնիվ կլիներ այդ մասին նշել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով օրերս Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին։
Ինչ վերաբերում է զեկույցի լավ կամ վատ լինելուն, ապա Զոհրաբյանը նշեց՝ թեև կարևոր է համարում, որ բանաձևի վերնագրում ավելացավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթը, բայց չի կարծում, թե այն դիվանագիտական մեծ հաղթանակ է։ Նա կարծում է, որ գլոբալ առումով նախագիծը պետք էր, որովհետև այնտեղ կոչ է արվում ռազմագերիների ազատ արձակման, սակայն ցավով է նշում, որ որոշ դրույթներ բանաձևում ներառված չեն, օրինակ` որ վերջին պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։
Նրա խոսքով՝ մեր պատվիրակները պետք է ավելի հետևողական լինեին Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարությունը բացառելու համար․ «Ինձ համար անընդունելին այն է, որ զեկույցի նախնական տարբերակում այսպիսի հավասարություն չկար դրված Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խոսել գերիների նկատմամբ կտտանքների, մշակութային ժառանգության ոչնչացման, վարձկանների մասին և դնել հավասարություն երկու երկրների միջև զեկույցի վերջնական տարբերակում է ներառվել։ Վերջնական տեքստը մշակվել է մեկ ամիս առաջ և բացարձակապես անընդունելի է։ Բոլորը գիտեն, որ Թուրքիան տրանզիտ ճանապարհով Ադրբեջանին մատակարարել է 7700 վարձկաններ։ Խոսել Հայաստանի դեպքում վարձկանների մասին և Սփյուռքի մեր փոքրաթիվ հայրենակիցներին ներկայացնել որպես վարձկաններ՝ կոպտագույն սխալ է։ Ադրբեջանը թիրախավորում էր հայկական մշակութային կոթողները, գնդակոծում ու ոչնչացումը, ավելին՝ Ալիևն ու նրա կինը կանգնած ցուցումներ էին տալիս՝ ինչպես հայկական եկեղեցիներից մաքրել խաչերը և դրանք ներկայացնել իբրև ալբանական մշակույթ։ Դե թող Ադրբեջանը տեսանյութ հրապարակի, որտեղ իրենց զինվորները ենթարկվել են կտտանքների, դա բացահայտ սուտ է։ Նախնական տարբերակում Սուրբ Ամենափրկիչը Ղազանչի անվանակոչվելու մասին ևս ոչինչ նշված չի եղել»,- ասաց Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նշեց՝ ԵԽԽՎ-ում ընթացակարգը այսպիսին է` երբ նախագիծը քննարկվում է լիագումար նիստում, գոյություն ունի առաջարկների փուլ, որի ժամանակ առաջարկում են ինչ-որ ձևակերպում հանել կամ ներառել։ Եթե գլխադասային հանձնաժողովը, որն այս դեպքում միգրացիայի հանձնաժողովն էր, չի ունենում առարկություն, մեծամասնությունը քվեարկում է կողմ։ Այս առումով Զոհրաբյանին զարմացրել է ընդդիմության բացակայությունը․ «Չօգտագործել նման ամբիոնը, չգնալ և չխոսել ադրբեջանական վանդալիզմից, պատերազմից, այստեղ իրենք ուղղակի բոնուս տվեցին իշխանություններին, որ ասեն` գայիք, խոսեիք, մեզ հետ կռիվ տայիք, մի բան էլ դուք ավելացնեիք։ Բացարձակապես հասկանալի չէ ընդդիմության կրավորական պահվածքը նման կարևոր նախագծի քննարկման հարցում և ընդհանրապես, որովհետև ԵԽԽՎ-ում չկա որևէ հարց, որի կոնտեքստում չենք կարող մեր կենսական շահերը բարձրացնել։ Ես չհասկացա՝ իրենք ինչու որոշում կայացրին չգնալ»,- նշեց նա։
Արդյոք բանաձևում նշված դրույթները կկատարվե՞ն, թե՞ կմնան թղթի վրա՝ ի պատասխան մեր այս հարցի Զոհրաբյանը նկատեց, որ դրանք պարտադիր կատարման օրենքի ուժ չունեն․ «Նման կառույցներում բանաձևերը քաղաքական, իրավական տեսանկյունիից պարտադրանքի ուժ չունեն։ Դրանք ունեն քաղաքական բովանդակութուն, մեսիջներ և Եվրոպայի խորհուրդը անպայման հետևողական հիշեցնում է, որ բանաձևի դրույթները պիտի կատարվեն, բայց դրանք պարտադիր կատարման օրենքի ուժ չունեն, դրանք խորհրդատվական բնույթի բանաձևեր են՝ ունենալով քաղաքական կոմպոնենտ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Սոնա Հարությունյան