Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսված հանդիպմանը նախատեսում է քննարկել Կովկասում ստեղծված իրավիճակը: Իրանցի դիվանագետի խոսքերը երեքշաբթի օրը մեջբերել է IRNA գործակալությունը:
«Լավրովի հետ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, - ասել է նա, - մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»:
Աբդոլլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի' միմյանց հասցեին հնչող մի շարք քննադատական հայտարարությունների և Ադրբեջանի սահմանի մոտ Իրանի զինված ուժերի զորավարժությունների մեկնարկի ֆոնին: Թեհրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայությամբ: Բաքուն իր հերթին հայտնում է իր մտահոգությունը զորավարժությունների վերաբերյալ, ինչպես նաև հայտարարում է, թե իբր «իրանական բեռնատարներն անօրինական կերպով մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ»:
Լավրովի հետ Աբդոլլահիանի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 6-ին: Ակնկալվում է, որ կքննարկվեն միջուկային գործարքը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի այլ արդիական թեմաներ, ներառյալ իրավիճակը' Կասպից ծովում, Անդրկովկասում, Պարսից ծոցում, Եմենում և Լիբանանում: