Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ուշագրավ գրառում է կատարել' շնորհավորելով երևանցիներին՝ Էրեբունի-Երևանի օրվա առթիվ: Իսկ ուշագրավն այդ գրառման մեջ Մարությանի հերթական շեշտադրումն էր, առ այն, որ քաղաքապետի որոշմամբ այս տարի ճոխ տոնակատարություն տեղի չի ունենալու, գումարն էլ ուղղվելու է ավելի կարևոր խնդիրների լուծմանը՝ արցախցիներին օգնելուն և Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը:
Այս շեշտադրումը Մարությանի հերթական կսմիթն է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին: Վերջինս փորձում է ընդգծելով իր մոտեցումը՝ գունագեղ շոուներից հրաժարվելու մասով, ցույց տալ նաև դիստանցիան, որ առկա է իր և ՔՊ-ի միջև: Ի տարբերություն Փաշինյանի' Մարությանը գտնում է, որ հասկանալի պատճառներով ճոխ տոնակատարություն անելը, մեղմ ասած, ճիշտ չէ, հատկապես, երբ կան առավել կարևոր խնդիրներ:
Սա արդեն երկրորդ մեսիջն է ՔՊ-ին և Փաշինյանին: Սեպտեմբերի 21-ի գունագեղ տոնակատարությանը Երևանի քաղաքապետը նույնպես չմասնակցեց, ինչը տարբեր ասեկոսեների առիթ տվեց: Ի դեպ, այն անգամ էլ Մարությանը հատուկ ընդգծեց, որ գտնվում է Արցախում' ի տարբերություն իր շատ կուսակից ընկերների, ովքեր պատերազմի ավարտից հետո այդպես էլ Արցախ ոտք չեն դրել: