Իսպանիան կդյուրացնի երիտասարդ միգրանտների համար կացության եւ աշխատանքի թույլտվություն ստանալու ընթացակարգը, եւ ակնկալվում է, որ մոտ 15՚000 մարդ կշահի այդ փոփոխություններից, հաղորդում է AP-ն:

Կառավարության հրապարակած օրենսդրական փոփոխությունները պարզեցնում են փաստաթղթեր ստանալու պահանջները եւ կրճատում սպասման ժամկետները՝ վերացնելով 16 տարեկանից բարձր անձանց համար օրինական ապրելու եւ աշխատելու խոչընդոտներն Իսպանիայում:

Կառավարությունը հայտարարել է, որ իր նպատակը միգրանտներին ինտեգրելն է:

Իսպանիան վերջին տարիներին դժվարությամբ է դիմագրավում Աֆրիկայից մեծ թվով միգրանտների ժամանմանը: Այս տարի մինչ այժմ ժամանել է ավելի քան 30.000 միգրանտ: ՄԱԿ-ի տվյալներով' դա 37 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նոր կանոնների համաձայն՝ առանց ուղեկցող միգրանտ երեխաները պետք է փաստաթղթերի իրավունք ունենան Իսպանիայում երեք ամիս մնալուց հետո՝ ներկայիս 9 ամսվա փոխարեն: Նրանք, ովքեր 18 տարեկանից բարձր են կամ դա արել են վերջին հինգ տարվա ընթացքում, միայն կացության եւ աշխատանքի թույլտվություն ստանալու համար պետք է ապացուցեն, որ ամսական 470 եվրո են ստանում սոցապահովության աջակցության ծրագրից:

Նախկինում նրանք ստիպված էին ավելի մեծ եկամուտ ցույց տալ, որպեսզի ստանան եւ պահպանեն կացության թույլտվությունը, որը նրանց աշխատելու թույլտվություն չէր տալիս: