Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավորների հեղինակած ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող հերթական նախագիծը:
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ընդունվեց 53 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Այսպիսով՝ այսուհետ ԶԼՄ-ները կենթարկվեն պատասխանատվության չնույնականացված աղբյուրների հղում կատարելիս:
Նախագծով առաջարկվում է սահմանել չնույնականացված աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:
Նախագծով փոփոխություններ են իրականացվել նաև լրագրողների հավատարմագրման կարգի մասին դրույթում և սահմանվել է, որ եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն և չի ներկայացրել այն նույնականացման տվյալները, որոնք սահմանվում են օրենքում, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման մասին դիմումը ենթակա է մերժման:
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը: