«Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Թայմլես» ընկերությունը ընդլայնում է իր ներկայացվածությունը Բելառուսում: Մշակութային ու արդյունաբերական Գրոդնո քաղաքում բացվել է TI’ME և Pandora բրենդների նոր խանութ-սրահը՝ այսպիսով համալրելով Բելառուսում «Գալաքսիի» ներկայացվածությունը մայրաքաղաք Մինսկից հեռու՝ Լեհաստանին ու Լիտվային սահմանակից այս քաղաքում: «TI’ME-ը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Հիշում եմ` տարիներ առաջ, երբ մեր առաջին քայլերն էինք անում բիզնեսում, միջազգային բրենդներն այն ժամանակ կառավարվում էին տարածաշրջանային ուժեղ կենտրոններից, որը Թբիլիսին էր, Մոսկվան, բայց ոչ երբեք Երևանը: Գուցե պարզունակ հնչի, բայց որպես հայ բիզնեսմեն, ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանում ստեղծված բրենդն ու կոնցեպտը կարողացել ենք մասշտաբային ու համադրելի դարձնել այլ երկրների համար, և որ TI’ME-ի տարածաշրջանային ցանցի զարգացումը, որակն ու կառավարումն իրականացվում է Հայաստանում՝ հայ մասնագետների կողմից, գլխամասը՝ Երևանում», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

«Թայմլես» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին՝ բացելով առաջին TI'ME խանութ-սրահը Երևանում: Ի սկզբանե ընկերությունն ունեցել է ընդամենը 4 աշխատակից, այնուհետև, 9 տարիների ընթացում, աճել և ներկայումս ունի ավելի քան 300 աշխատակից՝ 36 խանութ-սրահ, երեք երկրում։ Գլխամասային գրասենյակը Երևանում է։ Այսօր TI'ME-ը ներկայցնում է ավելի քան 40 հայտնի ապրանքանիշ, իսկ տեսականին` 10 000-ից ավելի ժամացույց և զարդ: «Այս տարի Բելառուսում մեկնարկել է տարածաշրջանային ընդլայնման նախագիծ։ Տարածաշրջանում իր տեսակով առաջին, TI'ME և Pandora բրենդերի միասնական խանութ-սրահը արդեն բաց է Գրոդնոյի Trinity առևտրի կենտրոնում, իսկ մենք ակտիվ պատրաստվում ենք Բելառուսի այլ քաղաքներում ևս նոր խանութների բացմանը», - ասել է TI’ME Բելառուսի ղեկավար Եվգենի Սիմոնենկոն:

TI'ME խանութ-սրահների ցանցում պաշտոնապես ներկայացված են ժամացուցների և զարդերի՝ նորաձևության ռիթմը թելադրող այնպիսի հանրաճանաչ բրենդներ, ինչպիսիք են Hamilton, Gucci, Frederique Constant, Maurice Lacroix, PANDORA, Fossil, Emporio Armani, Michael Kors, Diesel, Ti Sento, Brosway, Casio, Guess, Tommy Hilfiger, Daniel Wellington և այլն: «2021-2022 թվականների համար ընկերության ռազմավարությունը կայանում է վաճառքների ներկայիս բարձր տեմպը և շուկայում մեր մասնաբաժինը պահելու, ինչպես նաև, բիզնես տրամաբանության անհրաժեշտությունից ելնելով,ներդրումներ կատարելու 3 երկրների այլ քաղաքներում՝ ցանցի ընդլայնումն ապահովելու համար, ինչու չէ նաև գրավելու նոր շուկաներ: Ներկայումս ընկերությունն աշխատում է իր օնլայն վաճառքների պլատֆորմի զարգացման վրա։ Նպատակը՝ հասանելի դարձնել մեր ապրանքատեսականին հաճախորդին ցանկացած վայրից և տալ այն պատվիրելու հնարավորություն», - ասել է TI’ME ընկերությունների գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:

Նշենք, որ ներքին կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով, ընկերությունում իրականացվում են աշխատանքային գործընթացների թվայնացման գործողություններ, նոր համակարգերի մշակումներ ու ներդնումներ: Մեծ ուշադրություն է դարձվում նոր մարքետինգային գործիքների օգտագործմանը, հաճախորդների հետ կոմունիկացիայի բարելավմանը, ինչպես նաև բրենդերի ճանաչելիության բարձրացմանը, ինչը անշուշտ նպաստում է վաճառքների զարգացմանը և ավելացնում վստահությունը բրենդների նկատմամբ: Չնայած նրան, որ TI’ME խանութներում ներկայացված է ժամացույցների և զարդերի արդեն իսկ բավականին լայն տեսականի, ընկերությունը այնուամենայնիվ շարունակում է աշխատել դրա ընդլայնման վրա, դիտարկելով նոր բրենդերի ավելացում, մասնավորապես, բրենդային ոսկյա զարդեր՝ հասանելի գներով:

«TI'ME»-ը հապավում է, որը բացվում է որպես «Territory Where I'M Excited» («Այնտեղ, որտեղ ես ոգեշնչվում եմ»): TI'ME-ի խանութ-սրահները տեղակայված են բարձր հաճախելիություն ունեցող առևտրի կենտրոններում, ինչպես նաև քաղաքների կենտրոնական հատվածներում: «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը։ Որպես պատասխանատու բիզնես՝ 2020 թվականին ՀՀ բյուջե հարկային վճարումների տեսքով փոխանցել է ավելի քան 11,5 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար): Տեղական շուկայից գնումները կազմել են մոտ 36 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում «Գալաքսի» ընկերությունների խումբն ունի շուրջ 2500 աշխատակից, խմբում միջին ամսեկան եկամուտը կազմել է 364,716 ՀՀ դրամ, իսկ պետական բյուջե է փոխանցվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ։