Մինչեւ 12 տարեկան չպատվաստված դպրոցականները կարող են լինել կորոնավիրուսի ամենավտանգավոր տարածողները։ Չինացի գիտնականները կոչ են անում սկսել ավելի ակտիվ պատվաստել երեխաներին։ Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, պանդեմիայի առաջին տարում գիտնականները պնդում էին, որ երեխաները հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով եւ քիչ վարակիչ են , սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ դա վտանգավոր պատրանք է։
Իրականում երեխաները վարակվելու նույն ռիսկն ունեն, ինչ մեծահասակները, ավելին, երեխաները հատկապես ենթակա են վարակվելու նոր մուտացված կորոնավիրուսի տարբերակներով, այդ թվում՝ դելտա տարբերակով, որը տարածվում է այսօր։
Եվ քանի որ երեխաների մոտ կեսը վիրուսն առանց ախտանիշների է տանում, նրանք հաճախ դառնում են հարուցիչի թաքնված կրողներ: Տարբեր տարիքի երեխաներից կորոնավիրուսի փոխանցման հավանականությունը գնահատելու համար Չինաստանից գիտնականները վերլուծել են 266 երեխաների տվյալները, որոնք վարակվել են 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ֆուջյան նահանգում դելտա շտամի բռնկման ժամանակ։ Մինչեւ 12 տարեկան 77 երեխա չի պատվաստվել, 12 տարեկանից բարձր 141 երեխա նախկինում ստացել է պատվաստանյութ։ Մասնագետները նաեւ հետեւել են այս հիվանդների ընտանիքներում վարակման բոլոր շղթաներին։
Պարզվել է, որ մինչեւ 12 տարեկան երեխաների մոտ բորբոքային մարկերների ավելի բարձր մակարդակ կա՝ համեմատած տարեց հիվանդների հետ, որոնցից շատերն ունեցել են COVID-19-ի մեղմ եւ միջին ծանրության ախտանիշներ: Հետազոտության մեջ ընդգրկված բոլոր երեխաներն ապաքինվել են: Այնուամենայնիվ, հենց 12 տարեկանից ցածր տարիքի հիվանդներն են ստեղծել վարակի ամենաերկար շղթաներն իրենց ընտանիքներում եւ դպրոցներում։