ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մի գրառում էր արել, որում, մասնավորապես, նշել էր, որ լինելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ նախորդող ժամանակահատվածում ձեռնամուխ է եղել շուրջ երկու տասնյակ օրենսդրական նախաձեռնությունների փոփոխության, որի հիմքում եղել են ինչպես իրավական բացերի շտկումը, այնպես էլ փոփոխություններ, որոնք էականորեն կբարելավեն մեր օրենսդրական համակարգը: Բաղդասարյանի կարծիքով՝ երկրի թիվ մեկ ամբիոնի մոտ իր քաղաքական խոսքը եղել է հաճախ կտրուկ, բայց մշտապես հիմնված փաստերի վրա, եղել է կշռադատված և անհարկի պիտակավորումներից և վիրավորանքներից զերծ:
Ուշագրավ է, սակայն, որ Բաղդասարյանի հեղինակած օրենքի նախագծերի օգուտը և ազդեցությունը հպարտ քաղաքացիներն իրենց վրա այդպես էլ չեն զգացել: Մասնավորապես, նրա գրչին է պատկանում ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Ասել է թե՝ տվյալ նախագիծը միտված էր պաշտոնյաների, ոչ թե հպարտ քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելուն:
Բաղդասարյանը նաև հպարտանում է ԵԽԽՎ պատվիրակության կազմում իր ունեցած հաջողություններով: Բոլոր նրանք, ովքեր այս երեք տարիների ընթացքում հետևել են լրահոսին, տեղյակ են՝ ինչպիսի «ձեռքբերումներ» է գրանցել մեր պատվիրակությունը սույն հարթակում:
Հերթական անգամ հաջողություններով, մեղմ ասած, աչքի չնկնող ՔՊ-ականը պաշտոնի բարձրացում է ստանում, իսկ սա իր հերթին տեղիք է տալիս մտածելու, թե ի վերջո ինչ չափանիշով է Նիկոլ Փաշինյանը ընտրում այս կամ այն առանցքային պաշտոնների հարմար թեկնածուների՝ նվիրվածությա՞ն, թե՞ ի պաշտոնե ունեցած ձեռքբերումների: