Մեր կողմից վիրավոր չկա, իմ տվյալներով ադրբեջանական կողմից 3 վիրավոր կա։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին Շուշիում «Ջրմուղ կոյուղի» ընկերության սպանված աշխատակցի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Նա նշեց՝ չնայած իր ունեցած տվյալներին, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են մեկ վիրավորի մասին. «Տեսանյութը նայելիս տեսնում ենք, որ լուրջ զենք չի կիրառվել, հետևաբար երևի հենց մեկ վիրավոր ունեն իրենք: Սակայն էականը ոչ թե միջադեպն է, այլ թե ինչու եղավ այն և ինչ հետևանքներ կարող է ունենալ, ըստ իս դա ավելի կարևոր է: Իմ ունեցած տեղեկություններով Մարտիկը հարազատ եղբայր չուներ, նռնակ նետողը միգուցե նրա զարմիկն է եղել: Ինչ վերաբերում է նրան տանելու կադրերին, ապա ես այն չեմ որակի որպես ձերբակալություն, ուղղակի տարբերակ չկար դեպքի վայրից հեռացնելու եւ այդ մարդու անվտանգությունը ապահովելու: Այս միջադեպը փաստում է, որ ժողովուրդը ի դեմս Արցախի իշխանությունների չունի անվտանգության երաշխավոր: Նման միջադեպը սպասելի էր, քանի որ քաղաքացին հասկանում է, որ ինքն է դառնում իր և իր ընտանիքի անվտանգության երաշխավորը»,- նշեց Հակոբյանը:
Մետաքսյա Հակոբյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Երևանից դեպի Շուշի եկող ճանապարհի հատվածում (Ստեփանակերտից դեպի Շուշի եկող հիմնական ճանապարհից զատ), որտեղի ձախ կողմում տեղակայված են ադրբեջանցիները։
ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց մանրամասներ ճշտել նաև Արցախի քննչական կոմիտեից, սակայն այստեղից փոխանցեցին, որ որևէ տեղեկութուն չունեն, քանի որ քննիչները դեռ աշխատում են դեպքի վայրում:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը՝ հորդորելով հետևել բացառապես Արցախի ոստիկանության և ներքին գործերի պաշտոնական հաղորդագրություններին:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան սպանված բանվորի՝ Մարտիկ Երեմյանի եղբայրը տաքսիով մոտեցել էր ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհը փակվել էր, իսկ ավելի ուշ՝ բացվել։
Սոնա Հարությունյան