«Խորհրդարանում իրավունքի ուժով քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որը վերաբերվում է դատարաններում գործերի բաշխման կարգին, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելուն»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանում դեռևս 2014թ-ից ներդրվել է գործերի՝ պատահականության սկզբունքով մակագրման համակարգ, որն իրականացվում է համակարգչի միջոցով, սակայն, ըստ նրա, մինչ օրս այս համակարգը չի աշխատում.

«Մենք տեսնում ենք, որ քաղաքական շահագրգռվածություն ունեցող բոլոր գործերով միշտ մակագրվում են կոնկրետ դատավորների»,-ասաց Վարդևանյանը:

Խոսելով քննիչ հանձնաժողովի երկրորդ բաղադրիչի մասին, որը վերաբերվում է կարգապահական պատասխանատվության վարույթներին, Արամ Վարդևանյանը նկատեց.

«Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներ է հարուցում այնպիսի դատավորների նկատմամբ, որոնք վայելում են հանրային և մասնագիտական հանրույթի վստահությունը: Այն դատավորները որոնք նման վստահություն չունեն, որևէ կերպ կարգապահական պատասխանատվության տիրույթում չեն հայտնվում: Ինչպես է ստացվում, որ Արդարադատության նախարարությունը նման վարքագիծ է դրսևորում»,-նշեց պատգամավորը:

«ԱԺ-ն չի հաստատել քննիչ հանձնաժողովի կազմը: Սա միայն ողջունելի է, քանի հնարավորություն կա զերծ մնալու իշխանական պատգամավորների ներկայությունից: Քննիչ հանձնաժողովը իր աշխատանքներն իրականացնելու է առանց ԱԺ որոշման, իսկ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները»,-նկատեց Վարդևանյանը:

 


Պատգամավորը հայտնեց նաև, Քննիչ հանձնաժողովն այսօր գրություն է հասցեագրելու ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին և Արդարադատությա նախարար Կարեն Անդրեասյանին, որպեսզի վերջիններս ներկայանան ԱԺ և պատասխանեն պատգամավորների հարցադրումներին: