ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին երեկ ոստիկանություն բերման են ենթարկել' հասարակական կարգը խանգարելու, ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Անդրիաս Ղուկասյանը՝ հայտարարելով, որ ինքը համաձան չէ տվյալ մեղադրանքի հետ եւ բողոքարկում է:
«Իբր չեմ ենթարկվել ոստիկանի օրինական հրամանին, որը, բնականաբար, ես չեմ ընդունել: Երեք ժամ պահել են, ամեն ինչ եղել է օրինականության շրջանակներում»:
Հիշեցնենք, որ երեկ, երբ քաղաքացիների մի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ Ծիծեռնակաբերդում էր, իսկ մյուս մասը շարունակում էր մնալ Բաղրամյան պողոտայում՝ ոստիկանների կողմից շրջափակված, Անդրիաս Ղուկասյանը, որպես դրության ելք, հայտարարեց, որ պետք է սկսել նստացույց եւ նրա հետ համաձայն էին Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե արդյո՞ք նստացույցի մասին հայտարարությունը չէր պատճառը, որ նրան բերման ենթարկեցին ոստիկանության բաժին, Անդրիաս Ղուկասյանը համաձայնեց՝ ասելով. «Բնականաբար, իմ կարծիքով' այո´, դրա համար ուզեցին ինձ մեկուսացնել հասարակությունից եւ մեղադրել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ, ես չեմ ընդունել արձանագրությունը եւ բողոքարկելու եմ »:
Քրիստինա Մկրտչյան