Դերասան, երգիչ և երգահան Ժյուլիեն Քլերքը, ով Շառլ Ազնավուրի մեծ երկրպագուն է, France 5 հեռուսաալիքով հեռարձակվող C à vous հաղորդաշարի շրջանակներում խոսել է հայազգի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ բեմում առաջին համատեղ ելույթի մասին։
«Գիտե՞ք, նա բարձրահասակ չէր։ Բայց ես ձեզ կասեմ, որ դուետի ժամանակ այնպիսի ուժ է բխում նրանից, նրա մարմնից։ Նրա կողքին երգելիս՝ պետք է բռնվել»,- ասել է երգիչը։
Քլերքը նաև նշել է, որ Ազնավուրի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել ամառային հյուրախաղերի ժամանակ, որի ընթացքում նրանք պետք է երգեին նույն բեմում։ Երգիչը հայտնել է, որ ելույթը չի կայացել շանսոնյեի հիվանդության պատճառով։ Տեղեկանալով հիվանդության մասին՝ նա զանգահարել է Ազնավուրին։
«Ես զանգահարեցի նրան իմ հանդերձարանից և ասացի. «Շառլ, որքան եմ ցավում, որ հիմա չեմ կարող տեսնել քեզ», - ասել է Քլերքը։ «Իմ ծերուկ, ես այլևս չեմ կարող երգել»,֊պատասխանել է Շառլ Ազնավուրը:
Հայազգի մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպեռս հայտնի է, մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը՝ 94 տարեկան հասակում։