«Ազգային ժողովն ունի իր բյուջեն, այդ բյուջեի խնայողություններով կարողանում է ԱԺ-ում ինչ-որ բաներ վերանորոգել, ինչ-որ խնդիրներ լուծել: Օրինակ՝ շինարարական ծախսեր են արվում, եթե ԱԺ-ի մոտով անցնեք, կտեսնեք, որ բուռն ձևով աշխատանքներ են տարվում». Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան:
«Մեքենաները պետք է շատ վաղուց փոխել և ամեն ինչ սկսվեց նրանից, երբ անընդհատ գալիս ու ինձ ասում էին, որ առկա մեքենան, որը որ սպասարկում է Ազգային ժողովի նախագահին գտնվում է շատ անբարվոք վիճակում։ Այն զրահապատ է, ու ի սկզբանե նախատեսված չէ երկարատև օգտագործման համար։ Այն սպասարկելը շատ դժվար է, քանի որ դրա քաշը 4,5 տոննա է։ Ակնհայտ է, որ մեքենան ամեն ամիս, ամեն շաբաթ նոր խնդիր էր տալու, որովհետև այդպես էլ կա։ Դեպք է եղել, որ ընթացքի ժամանակ ստիպված ենք եղել կանգնել, քանի որ մեքենան մի պահ եղել է անսարք ու վարելու համար ոչ ունակ: Նախատեսված էր, որ պետք է գնվի նոր զրահապատ մեքենա, որը որ նորմալ է պառլամենտական երկրի համար։ Ես իմ անվտանգությունը դրել եմ երկրորդական։ Որոշում ենք կայացրել Հայաստանում առկա հնարավոր մեքենաներից մեկը, որը պետք է լինի ներկայանանալի դասի, քանի որ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է։ Մենք բազմաթիվ հյուրեր ենք ունենում»,- պարզաբանեց Աժ նախագահը:
Աժ նախագահը նշեց, որ գնվող մեքենան իր մեքենան չէ, պետության մեքենան է և քայլն արվել է ավելի մեծ ծախսերից խուսափելու համար.
«Ես, մի կողմ դնելով անվտանգության հարցը, հասկանալով, որ այդ գումարն այնուամենայնիվ, բարձր է, բայց այն գումարը չէ, որը պետք է առկայի վրա ծախսել, կամ որը պետք է ծախսել նոր զրահապատ մեքենայի վրա, խնդրել եմ կառավարությանը թույլ տա, որ ԱԺ խնայած միջոցներով պետությունը գնում կատարի։ Դա նոր հատկացվող գումար չէ, դա այն գումարներ են, որ ԱԺ-ն ունեցել ու տնտեսել է։ Նույն այդ միջոցներից մենք պետբյուջե ենք վերադարձնելու մոտ 600 միլիոն դրամ, բայց բնական է դրա մասին ոչ խոսում են, ոչ էլ գրում են»,- եզրափակեց Սիմոնյանը։