Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում սպասվում է «3+2» ձևաչափով հանդիպում, որի առաջին նիստը կգումարվի ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով։ Դեկտեմբերի 8-ին խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Հայաստանի մասնակցությունն այդ հանդիպմանը՝ ընդգծելով, որ Երևանի համար «3+3» («3+2» է դառնում այն պատճառով, որովհետև Վրաստանը հրաժարվել է մասնակցել) կարևոր է գոյություն ունեցող ձևաչափերում քննարկվող խնդիրներն այս հարթակ չտեղափոխելու հարցը, ինչի շուրջ դրական ազդակներ է ստացել ՌԴ գործընկերներից։ 

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ, ըստ որի, ձևաչափի օրակարգի հետ կապված որևէ հստակություն չկա:

«Իմ կարծիքով կողմերը ունեն շատ տարբերվող, անգամ, հակասական պատկերացումներ. դրա հետ կապված հրապարակային հայտարարություն է արել թուրքական կողմը՝ նշելով, որ հարթակ է դառնալու Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները քննարկելու համար: Ես ունեմ ոչ անհիմն համոզմունք, որ այս ձևաչափի Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի չեզոքացումն է»,- ասաց ադրբեջանագետը՝ շեշտելով վրացական կողմի դիրքորոշումը, որը մերժել է առաջարկը Ռուսաստանի հետ խնդիրներ ունենալու պատճառով, իսկ հայկական կողմը, ակնհայտ և անթաքույց խնդիրներ ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ, մասնակցում է այդ հանդիպմանը:

«Ադրբեջանի հռետորաբանությունը այնպիսին է, որ մեզ հետ շարունակ խոսում է ուժի սպառնալիքի դիրքերից և մենք նրանց հետ մնում ենք ինչ-որ անհասկանալի, հստակ օրակարգեր չպարունակող և բազմաթիվ ռիսկեր ենթադրող ձևաչափի մեջ, կարծում եմ՝ դա սխալ է: Այն ռիսկերը, որն իր մեջ ունի այդ ձևաչափը, համարում եմ չհաշվարկված»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը:

 
 

Վերջինս այն կարծիքին է, որ Ադրբեջանն իր գործելաոճից չի հրաժարվելու, քանի որ Ալիևը բացահայտ շարունակում է հակահայկական հռետորաբանությունը. «Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվելու, ընդհակառակը՝ վերջին պատերազմում ձեռք բերված հաջողությունները ավելի են արձակել Ադրբեջանի «ձեռքերը»: Նա շարունակաբար նոր պայմաններ է առաջ քաշում, երբ փաստացի օկուպացրել է մեր պետության 41-45 քառակուսի կմ տարածք՝ ՀՀ վարչապետի գնահատմամբ: Ունենք գործընթացներ՝ միտված հարաբերությունների, Արցախյան հիմնահարցի կարգավորմանը, տարածաշրջանի ապաշրջափակմանը, բայց, այս ամենին զուգահեռ, Ադրբեջանի գործողությունները ոչ միայն ուղղված չեն տարածաշրջանի ապաշրջափակմանը, այլև այս գործընթացները փորձում է օգտագործել Հայաստանի իզոլացումը խորացնելու համար»,- նշեց ադրբեջանագետը՝ հավելելով, թե այն կարծիքը, երբ ընդառաջ գնանք Ադրբեջանի վարած նմանօրինակ քաղաքականությանը, կապահովենք կայունություն՝ ճիշտ չէ: 

Մեր զրուցակիցն ասաց, որ խաղաղության պահպանման համար պետք է հաշվի առնել, թե ինչ իրավիճակում ենք գտնվում այսօր, իսկ, ըստ Տաթևիկ Հայրապետյանի, մենք կրկին վերադարձանք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակին՝ շատ ավելի վատ մեկնարկային հիմքով:

«Հայաստանը չունի այն ռեսուրսը կամ հնարավորությունը նոր պատերազմի մեջ ներքաշվելու համար, բայց դիվանագիտությունը այն չէ, որ դու պետք է շարունակական զիջումների միջոցով զսպես հակառակորդիդ: Ադրբեջանական քաղաքականության հետևանքով վերջերս ունեցանք 3-րդ քաղաքացիական զոհը. սա ևս ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ուզում գնալ խաղաղության, ընդհակառակը՝ ստեղծում է մի այնպիսի իրավիճակ, որ  արցախցին իր տանը` իր հողում, անվտանգ չզգա իրեն, մի խոսքով՝ փորձում է հայաթափել Արցախը»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ նոր հարթակի ստեղծում։ Պաշտոնական Թբիլիսին արդեն հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում մասնակցել դրան՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ լարված հարաբերությունները։

Զվարթ Պետրոսյան