Ազատագրական շարժումը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին նախատեսվում է ավտոերթ և հանրահավաք՝ Սարդարապատում։
«Ցեղասպանություն ապրած հայ ազգը ավելի քան 100 տարի առաջ կարողացավ միավորվել և Սարդարապատում ջարդել թշնամուն, վերականգնել հայկական պետականությունը։ Ազատագրական պայքարը տվեց իր արդյունքը բացառապես ազգային համախմբման շնորհիվ։
Այսօր պատմությունը կրկնվում է։ Այսօր Արցախի տարածքի մեծ մասը բռնազավթած է, վտանգված են Հայաստանի սահմանները։ 2020-ի 44-օրյա պատերազմում զոհվեց ամբողջ մի սերունդ: Մեր զավակները կրկին դառնում են ադրբեջանաթուրքական ահաբեկչության զոհ կամ գերեվարվում են՝ ենթարկվելով անասելի տանջանքների։ Իսկ Հայաստանի իշխանությունները համարում են, որ գերիները իրենց համար գոյություն չունեն։
Այսօր թշնամին մեր դռան շեմին է, իսկ Հայաստանի իշխանությունը որևէ կապ չունի հայկական պետականության հետ: Հետեւաբար մենք պատրաստ պետք է լինենք նոր Սարդարապատի։
Ազատագրական շարժումը շարունակում է պայքարը ազգային միասնության համար՝ ազատագրվելու ներքին ու արտաքին թշնամուց։
Մասնակցեք իրազեկման և հավաքական սթափեցմանը միտված ավտոերթին, որը կմեկնարկի Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքից և անցնելով 15-ից ավելի բնակավայրերով՝ կավարտվի Սարդարապատի հուշահամալիրի մոտ։
Շաբաթ, դեկտեմբերի 11-ին ,ժամը՝ առավոտյան 11:00-ին, Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության թանգարանի մոտից (մարզահամերգային համալիրի հետևի ավտոկայանատեղ) կմեկնարկի ավտոերթը
Ավտոերթի երթուղին՝ Ծիծեռնակաբերդ-Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի հրապարակ-Արգավանդ գյուղ-Գեղանիստ գյուղ-Ազատաշեն գյուղ-Խաչփառ գյուղ-Հայանիստ գյուղ-Ոսկեհատ գյուղ-Էջմիածին քաղաք-Արտիմետ գյուղ-Խորոնք գյուղ-Առատաշեն գյուղ-Տարոնիկ գյուղ-Ակնալիճ գյուղ-Մեծամոր քաղաք-Արմավիր քաղաք-Սարդարապատ գյուղ-Սարդարապատ Հուշահամալիր։
Նույն օրը՝ ժամը 15։00-ին Սարդարապատում տեղի կունենա հանրահավաք։
Ազատագրական շարժումը շարունակում է պայքարը՝ հասնելու Հայաստանի վարչապետի և նախագահի հրաժարականին»,- նշված է հաղորդագրությունում։