Դեկտեմբերի 12-ին Dvin Music Hall-ում կազմակերպվեց սուրբծննդյան տոնավաճառ, որից ստացված ողջ հասույթն ուղղվելու է բարեգործության:
Տոնավաճառը բավականին ընդգրկուն էր, ավելի քան 70 ընկերություններ ներկայացրին իրենց տեսականին՝ խմիչքներ, քաղցրավենիք, զարդեր, հուշանվերներ, գրքեր, հագուստ, ձեռագործ իրեր։ Օրվա ընթացքում հնչեցին դասական ստեղծագործություններ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի քառյակի և դաշնակահար Դավիթ Բախշինյանի կատարմամբ, մանուկների համար հեքիաթ ընթերցեց հաղորդավար Սերգեյ Սարգսյանը և հայտարարեց նվերների փոխանակման ծրագրի հաջողակ մասնակիցների անունները։
Տոնավաճառը կազմակերպվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և «Թովմասյան» միջազգային հիմնադրամի գործընկերությամբ։