Այսօր առավոտյան Երևանյան տրանսպորտային մի շարք գծեր սպասարկող վարորդներ դուրս էին եկել բողոքի ակցիայի, նրանք պահանջում էին բարձրացնել աշխատավարձերը և, ըստ էության, դժգոհում Հայկ Մարությանի տրանսպորտային ռեֆորմներից: Սակայն, պետք է հասկանալ՝ ինչի՞ց սկսվեց այս լարվածությունը:
Երեկ Հայկ Մարությանը, մասնակցելով նոր ավտոբուսների, այսպես ասած, գիծ դուրս բերելուն, հատուկ ընդգծեց, որ դրանք ձեռք են բերվել միայն քաղաքապետարանի գումարներով: Նախորդ շաբաթ էկոնոմիկայի նախարարությունը կաշվից դուրս էր գալիս և փորձում էր ստեղծել տպավորություն, որ այդ իրենց տիտանական ջանքերի շնորհիվ են նոր ավտոբուսները մտել երթուղի: Սակայն, երեկ Մարությանը, ըստ էության, բացահայտեց կառավարության սուտը:
Դրանից հետո Մարությանը հանդգնեց առանց թիկնապահների շրջել այդ ավտոբուսներով և զրուցել քաղաքացիների հետ: Համաձայնեք, նման ճոխություն ՔՊ-ից իրենց քչերը կարող են թույլ տալ: Նիկոլ Փաշինյանը հաստատապես այդ քչերի շարքում չէ և հենց դա էր փորձում իր այդ քայլով ընդգծել Հայկ Մարությանը:
Այս ամենին հաջորդեց Հժ-ի հայտնի հոդվածը, որտեղ Մարությանին փորձ արվեց փչացնել՝ կապելով նախկինների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ: Դժվար չէ կռահել, թե ով է հանդիսանում Փաշինյանի ընտանեկան կայքի աղբյուրը: Դժվար չէ նաև կռահել, որ այսօր սկսված բողոքի ակցիաները, ամենայն հավանականությամբ, ուղղորդված են: Ի դեպ՝ ՀԺ-ում առկա տեղեկությունները Մարությանի խոսնակը անվանեց՝ դեղին մամուլի բամբասանք:
Փաշինյանը առաջին անգամ չէ, որ պատժում է Մարությանի անկախական այս ձգտումները: Այն բանից հետո, երբ քաղաքապետը հրաժարվեց մասնակցել ՔՊ-ի կազմակերպված գունագեղ տոնակատարությանը՝ ՀԺ-ում հայտնվեց հոդված նվիրված Մարությանի հայտարարագրին և հայտարարագրած միլիոններին: Երբ նա ապօրինի շինարարության դեմ պայքար սկսեց՝ Փաշինյանի ընտանեկան կայքը գրեց. «Երևանի քաղաքապետը ավագանու վերջին նիստում բացատրեց, որ, մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանում բանդա է գործում, որը կազմված է պետական տարբեր մարմիններում աշխատող մարդկանցից ու թաղային հեղինակություններից: Շինությունները, որոնց կառուցման ընթացքը չէր կասեցվել, մեկ էլ հանկարծ բուլդոզերի տակ հայտնվեցին: Անհասկանալի մնաց, թե ուր էր խանգարող «բանդան»»:
Ուշագրավ է, որ այդ օրվա նաև միակ հրապարակումը չէր: Քաղաքապետի դեմ առաջին հրապարակմանը հաջորդեց երկրորդը կրկին նույն կայքում, նույն օրը: Խոսքն այս անգամ վերաբերում էր Կենտրոն վարչական շրջանում սկսված փողոցային առևտրի դեմ պայքարին:
Կասկածից վեր է, որ Փաշինյանի համար լուրջ խնդիր է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ հաղթանակը, և մեծ է հավանականությունը, որ դրանից հետո Երևանն ընդդիմադիր քաղաքապետ կունենա: Ու նաև սա հաշվի առնելով է, որ Նիկոլ Փաշինյանը հապաղում է ու կտրուկ գործողությունների չի դիմում, հասկանալով, որ արտահերթ ընտրությունները այնքան էլ չեն բխում իր շահերից: Հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններում առկա պատկերը՝ Երևանում ՔՊ-ն կարող է կորցնել իշխանությունը, եթե ընտրությունները լինեն առաջիկա շաբաթներին կամ ամիսներին: Այդ պատճառով էլ մնում է նման մեսիջներով հասկացնել Մարությանին, որպեսզի վերջինս չփորձի «թռնել» ՔՊ գլխից: