Դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել Ալյոնա Ա.-ն եւ հայտնել, որ Երեւանի Նանսենի փողոցի մի շենքում իր կողմից մաքրության աշխատանքներ կատարելուց հետո իրեն մեղադրել են գողություն կատարելու մեջ:
Նրա խոսքով՝ իրեն զանգահարել եւ սպառնացել են այդ շենքի բնակարանների տերերը։
Aravot.am-ի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանություն է ահազանգել նշված շենքի բնակչուհի՝ անեսթեզիալոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կ. Պ.-ն՝ հայտնելով որ իր բնակարանում որպես մաքրուհի աշխատած Ալյոնան բնակարանի ննջասենյակի զարդատուփից գողացել է կանանցի ոսկյա զարդեր, որոնց բացակայությունը ինքը նկատել է միայն դեկտեմբերի 25-ին:
Ավելի ուշ նույն խնդրով հաղորդում է ներկայացրել նաեւ նույն շենքի մեկ այլ բնակիչ՝ նախարարի օգնական Լ. Մ-ն՝ նշելով, որ իր բնակարանում կրկին որպես մաքրուհի աշխատած Ալյոնան բնակարանի խոհանոցում գտնված թիթեղյա տարայից գողացել է մետաղադրամներ, իսկ ննջասենյակի զարդատուփից՝ արծաթյա զարդեր:
Ըստ ահազանգի՝ Ալյոնան գողություն է կատարել նաեւ նույն շենքի մեկ այլ բնակչի՝ ՊԵԿ-ի բաց թողման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Կ. Պ-ի բնակարանից: Նրա բնակարանի փակ պատշգամբի զգեստապահարանից Ալյոնան գողացել է տղամարդու ոսկյա մատանի, վզնոց եւ թեւնոց: